Այսօր ասուլիս էր հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ով եզրափակելով տարին, ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցեր հնչեցին հատկապես վերջին շրջանում ծննդկանների և երեխաների մահվան դեպքերի վերաբերյալ:
Հարցին՝ ամեն դեպքից հետո ինչ հետևություններ է անում նախարարությունը և որն է լինելու հաջորդ քայլը, որպեսզի մահվան դեպքերը կանխվեն, նախարարը պատասխանեց.
«Իհա՛րկե, ամեն դեպքից հետո նախարարությունն իր քայլերն անում էր, անում է և կշարունակի անել: Բայց որպեսզի կանխենք դեպքերը, մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով, և Սյունիքի ցավալի դեպքից հետո հրահանգեցինք գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգին՝ վեց ամսվա ընթացքում զրույցներ և թրեյնինգներ ունենալ գործող մանկաբարձ-գինեկոլոգների հետ: Այսինքն՝ 900-ից ավել մասնագետ անցնելու է հարցազրույցներ, որից հետո գլխավոր մասնագետն իր երաշխիքը կտա իրենց աշխատանքի համար»:
Նախարարը նշեց, որ ցավոք սրտի, այսօր նախարարությունը չունի լծակներ կանխելու այն մասնագետների գործունեությունը, որոնք չեն անցել թեստավորում, բայց համապատասխան փոփոխությունների փաթեթ ևս նախարարության ներքո մշակվում է, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների գործունեության լիցենզիան կասեցնել:
Ճշտող հարցին՝ ով է այդ մասնագետը, նախարարը նշեց՝ «Աբրահամյան Ռազմիկ Աշոտիչը»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը և պնդմանը, որ վերջերս նրա մոտ ևս եղավ երեխայի մահվան դեպք, նախարարը նախ հարցրեց, թե երբ է նման դեպք եղել, այնուհետև հորդորեց անպատասխանատու հայտարարություններ չանել: