Կապանի ծննդատանը մահացած ծննդկանի և մահացած ծնված նորածնի դեպքի մասին արդեն տեղեկացրել էինք: 26-ամյա Մարինեն հղիության 37-38 շաբաթում էր գտնվում, առաջնեկին էր սպասում, բայց հանկարծ զգում է, որ պտղի խաղը դանդաղել է: Բուժկենտրոնում պարզվում է, որ պտուղը մահացել է:
Ծննդկանը դեկտեմբերի 25-ի առավոտյան ծննդաբերում է բնական ճանապարհով` 2.900 կգ քաշով, 40 սմ հասակով իգական սեռի` արդեն մահացած երեխա: Ծննդաբերությունից շատ չանցած` Մարինեն սկսում է արյունահոսել: Կապանի բուժկենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանի խոսքով` պտղի ներարգանդային մահը երբեմն բերում է արյան մակարդելիության խանգարման: Կապանի բժիշկները որոշում են չվիրահատել ծննդկանին և փորձում են ամեն կերպ դադարեցնել արյունահոսությունը: Այնուհետև խորհրդակցում են Երևանի մասնագետների հետ և որոշում վիրահատել, բայց արդեն ուշ է լինում:
«Սրտի կանգ առաջացավ, և մենք կորցրեցինք ծննդկանին: Գուցե մի քիչ ձգձգվեց»,- ասում է Սամվել Միկոյանը: Բժիշկները մեկնաբանում են, որ ավելի վաղ չեն վիրահատել աղջկան, քանի որ չեն ցանկացել հեռացնել արգանդը` հետագայում երեխաներ ունենալու համար:
Աղջկա հարազատներն առաջարկել են բժիշկներին կեսարյան հատում անել, եթե անհրաժեշտություն կա` նույնիսկ արգանդը հեռացնել, բայց փրկել աղջկան: Ծնողները նույնիսկ Գորիսից և Երևանից արյուն են հասցրել. «Մենք առաջարկեցինք կեսարյան անել, բժիշկ է, ինքը չգիտի՞` պետք է անի՞, թե չէ: Գիշերվա 2-ին զանգում եմ երեխուս, վերցնում է, ասում եմ` ի՞նչ ես անում, ո՞վ կա մոտդ, ասում է` ոչ մեկ, թեյ եմ տաքացնում, որ խմեմ: Ես չգիտեմ` ով պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար»,- ասել է 26-ամյա Մարինեի հայրը: