Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվեց Արմեն Առաքելյանի գործի դատական քննությունը:

55-ամյա Արմեն Առաքելյանը մեղադրվում է իր հորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Առաքելյանը, լինելով ամուսնալուծված, ապրել է իր 80-ամյա հոր՝ Հայկարամի հետ համատեղ՝ նույն բնակարանում՝ Իսակովի պողոտայում:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հայկարամը թոքերի, ուղեղի անոթների անցանելիության հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, նրա խնամքով զբաղվել է որդին՝ Արմենը: Վերջինս, բացի հիվանդի խնամքից, նրան նաև դեղորայքային ներարկումներ է կատարել:

Ժամանակի ընթացքում Արմենի համար անկողնային հիվանդ հայրը դարձել է բեռ: Նա, ըստ մեղադրական եզրակացության, «չի հանդուրժել հոր ներկայությունը, հոգնել է իր որդիական պարտականությունների կատարումից»:

Հիվանդ հոր և Արմենի միջև բազմիցս վեճեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում, ըստ մեղադրանքի, որդու մեջ հոր նկատմամբ առաջացել են «ատելություն ու վրեժի զգացում»:

Հորը պահելու և խնամելու պարտականություններից ազատվելու նպատակով էլ Արմենը որոշել է կյանքից զրկել նրան:

2016 թվականի մայիսի 24-ի երեկոյան Արմեն Առաքելյանը մեկ ժամվա մեջ հորը երկու անգամ երկուական չափաբաժին «Կետոնալ» է ներարկել և դուրս է եկել տանից:

Արդեն մայիսի լույս 25-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում Արմենը վերադարձել է տուն, տեսել է, որ հայրն ընկած է գետնին, բայց դեռ ողջ է՝ նա դժվարությամբ էր շնչում:

Արմենը ձեռքերով սեղմել է հոր պարանոցը և խեղդամահ անելու եղանակով կյանքից զրկել է նրան:

Ամբաստանյալ Արմեն Առաքելյանն իրեն մեղավոր չճանաչեց հորը դիտավորյալ սպանելու համար: Նա բացականչեց. «Սառնարանում ժամկետն անցած միս ունեի շան համար: Կարող ա կերել ա, թունավորվել ու մեռել ա: Նա շան միսը ուտելու սովորություն ուներ… Ասում են՝ ներարկել եմ… Հա, ինքը ուժեղ ցավեր ուներ, չէր դիմանում, ասում էր՝ սրսկի, ես էլ սրսկում էի: Էդ օրն էլ սրսկեցի, ուզում էի տանից դուրս գամ, ասեց՝ հո՛պ, արի մի հատ էլ սրսկի: Ես էլ հորս ասելով գնացի ու մի հատ էլ սրսկեցի… Ես նրա բարեկամներին էլ եմ զանգել, ասել են՝ սրսկի, ես էլ սրսկել եմ…Դիտավորյալ սպանության համար ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Ամբաստանյալն իր մասին ասաց, որ թերի բարձրագույն կրթություն ունի, ամուսնալուծված է, նախկինում դատված չի եղել:

«Երեխաներ ունե՞ք» հարցին ամբաստանյալը պատասխանեց. «Տարբեր երկրներում ունեմ… Փոքրս 8-րդ դասարանում է»:

Առողջական վիճակի մասին հարցին ամբաստանյալը պատասխանեց. «Ֆիզիկապես առողջ եմ… Հոգեպես էլ պիտի որ առողջ լինեմ…»:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ՝ կհարցաքննվեն վկաները, տուժողի իրավահաջորդը, ամբաստանյալը, կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Վկաների հարցաքննությունը կսկսվի հաջորդ դատական նիստին՝ 2017 թվականի հունվարի 23-ին:

Սպանվածի հարազատները բավական բացասական էին տրամադրված ամբաստանյալի նկատմամբ: Մեր զրույցի ժամանակ նրանք ասացին, որ Արմենը սպանված Հայկարամի հարազատ որդին չէ, նրան որդեգրել են նորածին ժամանակ, «պահել են բամբակների մեջ», որ նա վերջում էսպես հայտնի իր երախտագիտությունը:

Ըստ հարազատների՝ Արմենը իր զավակների նկատմամբ էլ անուշադիր հայր է, իսկ ինչ վերաբերում է մեղադրանքում նշվածին, թե նա հորը խնամել է, ապա հարազատները դրա հետ համաձայն չէին, ասում էին, թե Արմենը չի աշխատել, ապրել է հոր միջոցներով ու թոշակով: Նրա հայր Հայկարամը, ըստ հարազատների, ժամանակին եղել է «Նորքի հանրակացարանների կառավարիչը»: Արմենին շատ լավ է պահել. «Էնքան լավ է պահել, որ նաոչ մի օր կարգին չի աշխատել, անունով էր բանակում, էրկու տարվա մեջ մի օր չի ծառայել հոր շնորհիվ…»:

Հարազատները նշեցին, թե Արմենը որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, իրենց իմանալով՝ այնտեղ օրենքի հետ խնդիրներ է ունեցել:

Ինչ վերաբերում է տուժողի առողջական վիճակին, ըստ հարազատների՝ Հայկարամը «աորտայի հետ կապված խնդիր ուներ», նրան առաջարկել են վիրահատություն, բայց «էնպիսի գին են ուզել», որ վճարել հնարավոր չի եղել: Հարազատներն ասում էին, թե Հայկարամը ցանկացել է վաճառել բնակարանը, որ վիրահատվի, իսկ մնացած փողն էլ պիտի տար Արմենին…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ եղել է տուժողի բնակարանում: Հայր ու որդի ապրել են ոչ բարվոք պայմաններում, բայց Արմենը հոր համար հոգ տարել է, փաստացի նա է խնամել իրոք որ՝ անկողնային ծանր հիվանդ հորը…

Արմեն Առաքելյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ նա չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, որևէ տեղ հաշվառված չի եղել, բուժում չի ստացել:

Արմեն Առաքելյանը ճանաչվել է մեղսունակ: