«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար կալանավորված Արթուր Սարգսյանը դատապարտյալների հիվանդանոցում ստացել է ֆիզիոթերապևտիկ բուժում` պայմանավորված նախքան կալանավորվելը նրա մոտ առկա հիվանդություններով: Այս մասին այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում, ի պատասխան օգտատերերի հարցին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին` արդյո՞ք Սարգսյանի հիվանդությունները, մասնավորապես` Բեխտերևի հիվանդությունը, բավարար չեն նրա խափանման միջոցը փոխելու համար, նախարարը պատասխանեց. «Ընդամենը օրեր առաջ է այդ հիվանդության վերաբերյալ Արթուր Սարգսյանի կողմից 16 տարվա վաղեմություն ունեցող տեղեկանք ներկայացվել, և դրա հետ կապված` կառավարության որոշման մեջ նշված այդ հիվանդությունը, պատժից ազատելու տեսանկյունից, պահանջում է զուգորդումներ, այսինքն` պրոգեսիվ ծանր ընթացք, ոսկրամկանային համակարգի ախտահարումներ և այլն: Քանի որ տեղեկանքը մի քանի օր առաջ է ներկայացվել և եղել է 1999-ին, այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է անցկացվեն»:

Նախարարի խոսքով՝ Արթուր Սարգսյանը դատապարտյալների հիվանդանոցում կարող է բուժման կուրս անցնել:

Օգտատերերից մեկի այն հարցին, թե ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա ՀՀԿ-ի համար նախընտրական շրջանում ազատամարտիկ Արթուր Սարգսյանին անազատության մեջ պահելը, եթե նա, Աստված մի արասցե, մահանա՝ հաշվի առնելով, որ նախարարը ՀՀԿ-ական է, Հովհաննիսյանը պատասխանեց. «Անկախ նրանից` ես կուսակցական եմ, թե` ՀՀԿ ԳՄ անդամ, ես առաջին հերթին պարտավոր եմ կատարել իմ պաշտոնական պարտականությունները, որոնց թվում չի դասվում ինչ-որ մեկին հիվանդության հիմքով ազատելը, բայց իմ պարտականությունների մեջ է մտնում փաստաթղթերի հիման վրա պարզել` արդյո՞ք կառավարության 825 Ն որոշմամբ` հիվանդության ցանկում կա ոսկրամկանային ախտահարումները, թե՞ ոչ, և այլն: Ես դա ոչ թե հետընտրական կամ նախընտրական գործընթացի հետ կկապեի, այլ խնդրի առկայության և այդ խնդրի լուծման հետ»:

Նշենք, որ մինչև կալանավորվելն Արթուր Սարգսյանն ուներ Բեխտերևի հիվանդություն, որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափերի՝ մոտ 15 սանտիմետր, տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոտեզավորմամբ: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է։