YN.am-ը գրում է.

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը «կնոպկա սեղմելու» վարպետ է: Աշոտ Արսենյանը, ով հանդիսանում է «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատերը, ԱԺ մեծահարուստ պատգամավորների շարքին է դասվում: 2015թ.-ին Էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրում միայն տարվա դրամական եկամուտները կազմել են 1.290.671.628 դրամ: Աշոտ Արսենյանը բացի գործարար լինելուց նաև խոշոր վաշխառու է. 2015թ.-ի նրա եկամտի մեջ առյուծի բաժինը ձևավորվում է տրված փոխառնությունների դիմաց ստացված տոկոսից և փոխհատուցումից՝ 1.049.235.414 դրամ մի դեպքում, 184.768.234 դրամ մեկ այլ, արտարժույթով՝ 4.090.000, 5.395.594 և այլն (նշված են խոշորները): Աշոտ Արսենյանի «տալ-առնելու» մեխանիզմը ցուցադրված է ստոև.

Պատգամավորը նաև 20 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր ունի: Բացի ֆինանսական ցուցանիշները, Աշոտ Արսենյանը նաև «իդեալական» պատգամավորական ցուցանիշներ ունի: Պարոն Արսենյանը «գերազանցիկ» պատգամավոր է և ԱԺ գումարման 10-րդ նստաշրջանում 91 անգամ քվեարկել է «կողմ» ու ոչ մի անգամ՝ «դեմ»: Սա իրավամբ բացարձակ ցուցանիշ է: Նա անգամ 1 բացակա չունի, միայն 2 անգամ չի քվերակել: Parliamentmonitoring.am կայքի տվյալներով տեսնում ենք, որ պատգամավորի հայտարարագրած դրամական միջոցներն ու եկամուտը 2012թ.-ից շեշտակի աճ է գրանցել: Նրա եկամուտը 849.840.100 դրամից (2012թ.) հասել են 6.035.697.948 դրամի (2015թ.):
Չնայած պատգամավորը ԱԺ հավատարիմ «այցելուներից» է, բայց նա աչքաթող չի անում նաև հարազատ «Ջերմուկ գրուպը»: Ընկերության գործադիր տնօրենն այժմ Վահագն Արսենյանն է, բայց Աշոտ Արսենյանը, ըստ մեր տեղեկությունների, ամբողջովին տնօրենի կարգավիճակում է: Նա գրեթե ամեն օր Արշակունյաց պողոտայում գտնվող գրասենյակում է և զբաղվում է ընկերության գործերով:
Աշոտ Արսենյանի մասին շրջանառվող բացասական պատմությունները շատ են: Ինչպես 2011թ.-ին գրեց «Ժողովուրդ» թերթը, նա խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ժամանակին «Ջերմուկ գրուպը» խլեց ամերիկահայ գործարար Կայծակ Զեյթլյանից: Ըստ թերթի տեղեկությունների, Աշոտ Արսենյանին հովանավորել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչևէ, 2017թ.-ին ՀՀ-ում սպասվում են խորհրդարանական ընտրություններ և նա ստիպված կլինի պայքարել մանդատի համար ռեյտինգային ընտրություններում: Նախորդ անգամ նա ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: 2014թ.-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ Աշոտ Արսենյանը վախի մթնոլորտ ստեղծելու մեծ վարպետ է:
Այս անգամ նա հավանաբար ընտրություններին կմասնակցի թիվ 12 ընտրատարածքից, որը միավորում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը: Բացի հարազատ Վայոց ձորից, նա պետք է «վախի մթնոլորտ ստեղծի» նաև Սյունիքում, ինչն արդեն այդքան էլ հեշտ գործ չէ: