Երուսաղեմը պետք Է դառնա երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Երուսաղեմը պետք է դառնա երկու պետությունների մայրաքաղաքը»,-նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, որն արդեն հունվարի 20-ին կթողնի իր պաշտոնը:

Մեկուկեսժամանոց ելույթի ընթացքում Քերին բացատրել է այն բանի պատճառները, թե ինչու ԱՄՆ-ի պատվիրակությունը դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձեռնպահ է մնացել քվերակել բանաձևին, որն Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը բռնազավթված պաղեստինյան տարածքներում:

Քերին ընդգծել Է, որ Թել Ավիվի կողմից այդ քաղաքականության շարունակումը կխոչընդոտի «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի իրագործմանը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթի ընթացքում նաև կոչ է արել Իսրայելին՝ ճանաչել Պաղեստին Պետությունը 1967 թվականի սահմաններում և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: