Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքի բնակիչներ այսուհետ ավելի քիչ կվճարեն էլեկտրաէներգիայի համար։

   Դեկտեմբերի 29-ին «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը Տավուշի մարզի Դովեղ, Ոսկեպար և Բերքաբեր գյուղերի յուրաքանչյուր ընտանիքի տրամադրեց հինգական էներգախնայող լամպ:

   «Մենք նախատեսել ենք էներգախնայող լամպեր տեղադրել Հայաստանի սահմանամերձ 33 համայնքներում, ապա նաև Արցախում: Տավուշից առաջինը՝ Ներքին Կարմիրաղբյուրում էր, որտեղ տեղադրել ենք մոտ 20 օր առաջ»,- YN.am-ի (ԵրևանՆյուզ) հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով անձամբ էր եկել ԼԵԴ լամպերը բնակիչներին հանձնելու։

   Մեզ հետ զրույցում  գյուղերի բազմաթիվ բնակիչներ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նախաձեռնության կազմակերպիչներին և անձամբ փոխնախարար Հայկ Հարությունյանին, իսկ Դովեղ գյուղի վարչական ներկայացուցիչը բնակավայրի անունից շնորհակալություն հայտնեց գեղեցիկ ակցիայի համար, հույս հայտնելով,որ մարդիկ իրենց տներում ունենալով էկոնոմ լամպերը, արդյունավետությունը կտեսնեն և հետագայում իսպառ կանցնեն էներգախնայող լամպերին:

   «Համադրելով էկոնոմ լամպերի օգուտը և կառավարության սուբսիդավորումը` նշանակալի կլինի էներգախնայողությունը», - ասաց Դովեղ գյուղի վարչական ներկայացուցիչը և  առիթից օգտվելով՝  շնորհավորեց հայրենակիցների, համագյուղացիների և սահմանին կանգնած զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, YN.am-ը կապ հաստատեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մի քանի բնակիչների հետ, անցկացնելով հարցում, թե արդյոք գոհ են շաբաթներ առաջ տրամադրված ԼԵԴ լամպերից, բնակիչներից ոչ ոք չդժգոհեց, չնայած դեռ խնայած գումարի մասին խոսել չէին կարող, քանի որ նոր է տեղադրվել, բայց բարձր որակի, լավ լուսավորելու մասին երախտագիտությամբ խոսեցին՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնող խմբին: