Հնագետները Վրաստանի արևելյան Կախեթի մարզում մոտ 2.5 հեկտար մակերեսով հնագույն քաղաք են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն՝ հղում անելով Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությանը։

Հնագետները պարզել են, որ Սիգնախի շրջանում քաղաքի շինարարությունը կատարվել է հում աղյուսի միջոցով։ Որոշ շինությունների պատերի հաստությունը գերազանցում է 1 մետրը, դրանց վրա հստակ տեսանելի են ուժեղ հրդեհի հետքեր։ Շինությունների մի մասը կլորավուն ձև ունի։

Հայտնաբերվել են նաև կարմիր ներկված կավե սպասքի բեկորներ, սրաքարեր, աշխատանքային գործիքներ։

Նոր բնակավայրի հետազոտությունը կսկսվի 2017 թվականին։ Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որ շրջանին է այն դասվում։