«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում հինգ տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու և պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։ Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, և Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որևէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից։ Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջ քարոզարշավի բեռը ստանձնել, բայց չգնալ որևէ կեղծիքի։ Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան ձևաչափը։ Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը։