Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որ հաջորդել էր Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն գրոհին, ասել է, թե Բորդյուժան ամեն ինչ շատ հստակ էր ասել, և ՀԱՊԿ Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արտահայտում է կազմակերպության անդամ պետությունների կարծիքը: Բորդյուժայի հայտարարությունը Հայաստանում ընդունվել էր գրեթե ցնծությամբ, ինչի պատճառը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումն էր: Դա իհարկե աննախադեպ է: Ընդ որում, այդ արտահայտությունը ստվերել էր Բորդյուժայի հայտարարության մնացյալ անդեմությունը, և այդ իմաստով հայտարարության հեղինակը այսպես ասած՝ խփել էր տասին, կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ ՀԱՊԿ սովորության համաձայն թե նալին, թե մեխին: Մի կողմից հայերը գոհ էին, մյուս կողմից ադրբեջանցիներն, իհարկե, մի փոքր դժգոհեցին (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ձևակերպման կապակցությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, շատ չաղմկեցին՝ քանի որ Բորդյուժան արել էր բացարձակապես ընդհանրական մի հայտարարություն: Այդ իմաստով, երբ Վիգեն Սարգսյանն ասում է, որ ամեն ինչ ասված էր շատ հստակ, ապա մեղմ ասած՝ առաջանում են հարցեր: Օրինակ՝ Բորդյուժան հստակ ասե՞լ էր, որ Հայաստանի տարածքում սադրանքի հեղինակը Ադրբեջանն էր:

Այն, որ հետո ասում ենք, թե ինքնին պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է, դա ընդամենը ենթադրություն կամ տրամաբանություն է, որովհետև նույն հաջողությամբ կարող ենք ենթադրել կամ տրամաբանել, որ սադրանքը կապ չունի Ադրբեջանի հետ: Որևէ մեկին դա թվում է աննախադե՞պ: Այդ դեպքում պետք է լսել, թե ինչ էր ասում օրինակ՝ Պուտինը ռուս-թուրքական հարաբերության, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանելու մասին:

Նա հայտարարում էր, որ երբ 2015-ի նոյեմբերին խփվեց ռուսական ռազմական օդանավն ու ոմանք ասում էին, թե դա չի եղել Թուրքիայի ղեկավարության հրամանով, ինքը կասկածում էր, բայց դեսպանի սպանությունից հետո կասկածները վերացել են և նա կարծում է, որ սադրիչ տարրերը ներթափանցել են Թուրքիայի իշխանության օղակներ: Դա ասում է Պուտինը Թուրքիայի մասին: Այսինքն, Պուտինն ասում է, որ ռուսական օդանավին, Ռուսաստանի դեսպանին ուղղված հարվածները եղել են սադրանք, բայց դրանց հեղինակը Թուրքիայի իշխանությունը չէ: Եվ Ռուսաստանի նախագահի մակարդակով այդօրինակ հռետորաբանությունից հետո ասել, թե Բորդյուժայի հայտարարության մեջ ամեն ինչ շատ հստակ է, մեղմ ասած՝ ճիշտ չէ: Ամեն ինչ քիչ թե շատ հստակ կլիներ, եթե Բորդյուժան գրեթե մեկ անգամ գոնե տար Ադրբեջանի անունը, որպես պատասխանատու: Ավելին, նույնիսկ զոհերի առումով ամեն ինչ հստակ չէր, և Բորդյուժան զլացել էր անգամ ընդգծել հայկական զինուժի զոհերի հանգամանքը և նա ցավ կամ ափսոսանք էր հայտնում, որ միջադեպը հանգեցրել է զոհերի:

Այդպիսով, ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը որպես հստակ գնահատելը, մեղմ ասած՝ համարժեք չէ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հայտարարությունը ՀԱՊԿ անդամ պետությունների կարծիքն է, ապա այստեղ էլ իրավիճակը, մեղմ ասած՝ տարակուսելի է, նկատի ունենալով այն, որ ՀԱՊԿ անդամ պետությունները իրենց կարծիքը արտահայտում են այնպես, ինչպես օրինակ՝ բոլորովին վերջերս դա արեց Լուկաշենկոն, թեև դա անում են թե՛ Պուտինը, թե՛ Նազարբաևը: Այդ պարագայում, գուցե մարտավարական առումով Երևանը փորձում է առավելագույնը քաղել Բորդյուժայի հայտարարությունից, բայց ամբողջ խնդիրը այն է, որ չորացած ծառից առավելագույնը քաղելը այդքան էլ ռացիոնալ գործ չէ:

Հետևաբար, կամ պետք է աշխույժ և կոնկրետ քայլեր ձեռնարկել ծառը վերակենդանացնելու ուղղությամբ, կամ պարզապես հրաժարվել դրա պտուղներից: Բայց բանն այն է, որ Երևանը չի կարող իրեն թույլ տալ թե մեկը, թե մյուսը, որովհետև Երևանն ունի ինքնիշխանության խնդիր: Այդ խնդիրը առաջանում է նրանից, որ Հայաստանի իշխանությունը լեգիտիմ չէ և ունի ուժեղ հովանու կարիք: Ու թեև այդ հովանին այժմ նյութական պատասխանատվություն չի կրում հայաստանյան համակարգի համար, բայց Հայաստանի իշխանությունից ունեցած պատասխանատվության պահանջը ոչ միայն չի նվազեցնում՝ իր նյութական և ֆինանսական հատկացումների նվազեցմանը զուգահեռ, այլ նաև ավելի է բարձրացնում՝ աշխարհաքաղաքական դիմակայության դինամիկային զուգահեռ: Իսկ քանի որ Հայաստանի իշխող համակարգի համար շարունակում է գերակա մնալ հենց իշխանության շահը, առավել ևս նախընտրական շրջանում այդ իշխանությունը չի կարող Հայաստանի շահի և պետական արժանապատվության հանդեպ հարգանք, դաշնակցային պահվածք պահանջել մի կառույցից, որի լոկոմոտիվը Մոսկվան է:

Խնդիրն այն չէ, որ Մոսկվան կանի իշխանափոխություն: Դա չի սպառնում: Սպառնալիքը իշխանության ներսում ստատուս-քվոյի փոփոխությունն է: Ռուսաստանը Սերժ Սարգսյանին տվել է դրա հնարավորությունն ու ազատությունը, բայց ոչ այն բանի համար, որ Սարգսյանը իրեն ազատ զգա նաև այնպիսի հարցերում, ինչպիսին հետխորհրդային տարածքում Ռուսաստանի շահերի և Հայաստանի անվտանգության հակասությանը համարժեք արձագանքն ու քաղաքականությունն է: Այդ տեսանկյունից, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունն ու երևանյան արձագանքները սիմպտոմատիկ են ոչ ինքնին հայտարարության համատեքստում, այլ ընդհանուր ներքին ու արտաքին քաղաքական շրջանակի և պատճառահետևանքային կապի, ազդարարելով տագնապ, որ այդ իմաստով Հայաստանի նախընտրական շրջանում Հայաստանի համար կարող են կտրուկ ավելանալ և սրվել այդ կապի հնարավոր տարաբնույթ մետաստազները: