Տարեվերջին մեդիադաշտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի վարող, հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանն ազատվեց աշխատանքից:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն էլ երկարատև հանգստի մեկնեց: Համենայնդեպս, դեռ չի վերադարձել աշխատանքի:

Դեռ այն ժամանակ Նվեր Մնացականյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն մի քիչ «թայմ-աութ» է հարկավոր: «Ինձ թվում է՝ թայմ-աութը շատ լավ բան է»,- հավելել էր նա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նվեր Մնացականյանն այսօր էլ նշեց, որ դեռ չի շտապում որոշում կայացնել, բայց հավելեց, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունից առաջարկ ստացել է. ««Կենտրոնի» ուղղությամբ եմ մտածում: Մի քանի փոփոխություն է նախատեսվում՝ ըստ մեր առաջարկի, տեսնենք՝ որը կիրագործվի, սլաքի ուղղությունը դեպի «Կենտրոնն» է»,- ասաց նա՝ դժվարանալով պատասխանել, թե երբ կսկսվեն հաղորդումները, քանի որ դեռ քննարկման փուլում է:

Նվեր Մնացականյանը նաև չասաց հաղորդման ձևաչափը՝ արդյոք հարցազրույցի՞ ֆորմատում է լինելու:

Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, որը պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նախ՝ նախօրեին հաղորդումը հեռացվեց «Յութուբից», իսկ երեկ Պետրոս Ղազարյանը՝ աշխատանքից։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանի հետ կապված որոշում է կայացվել. նա կվերադառնա «Կենտրոն» հեռուստաընկերություն: