Գավառի Քաղառի կռուգ կոչվող վայրում Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո) սպանությունը ջահելական վեճի արդյունք է եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած ողբերգությանը, նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա հավելեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել, քանի որ իրավապահ մարմիններն անընդհատ հանրությանը ներկայացնում են կատարվածի մանրամասները:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը: Նա ներկայացրել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, կասկածյալը ձերբակալված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մարզպետը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին ցուցմունքը Մեխակ Հարությունյանը տվել է, և պետք է հիմնվել կասկածյալի ցուցմունքի վրա:

«Նա ցուցմունքում էլ կրկնել է, որ ջահելական վեճ է եղել, ուրիշ ոչ մի բան չկա: Ընտանիքները ունեն բարեկամական կապեր, նորմալ, հեղինակավոր ընտանիքներ են Նորատուսում»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ երկու երիտասարդները երբևէ ոստիկանության ուշադրության կենտրոնում չեն եղել: Փոխմարզպետի որդին, ըստ նրա, զբաղվում էր գործարարությամբ:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների՝ սպանված Հայկ Հակոբյանի և կասկածյալի միջև վիճաբանություն է եղել ավտոմեքենա վարելու հարցի շուրջ, այս թեմայով երիտասարդները վիճաբանել են մի քանի անգամ: Դեպքի օրը՝ հունվարի 7-ին, Հակոբյանի սպանությանը նախորդել է կրկին այդ թեմայի շուրջ նրանց վիճաբանությունը. երկու երիտասարդներն էլ եղել են մեքենաներով: Հայկ Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել, մասնավորապես՝ գլխի և պարանոցի հատվածում:

«Տեղի ունեցածը անհավատալի է, ցնցող ոչ միայն ինձ համար, այլ նաև մարզի: Ի վերջո՝ ծանր հետևանքներ, ընտանիք, երկու երեխա… երկու երիտասարդի ճակատագիր… Ամեն դեպքում ես հիմնվում եմ իրավապահների հաղորդագրությունների վրա, Մեխակ Հարությունյանը դեռ կասկածյալ է»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ընտանիքները բարեկամական կապ ունեն և երբեք խնդիր չեն ունեցել միմյանց հետ: «Նորատուսում բոլորը մեկը մյուսի հետ բարեկամական կապեր ունեն, և ընդհանրապես Նորատուսը մեր մարզի լավագույն միասնական համայնքներից մեկն է»,- ասաց մարզպետը: