2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները բուռն կրքերով լեցուն են լինելու ռեյտինգային համակարգի ներդրման պատճառով: Թիվ 2 ընտրատարածքում պայքարելու են հայտնի օդիոզային կերպարներ, ինչպիսիք են Աղվան Հովսեփյանի եղբայր՝ Ռուբեն Հովսեփյանը, Գալուստ Սահակյանի որդի՝ Արման Սահակյանը, ՍԱՍ-ի Արտակը: Ռուբեն Գևորգյանը՝ Դավիթաշենի երբեմնի թաղապետը, հավանաբար ևս կառաջադրվի նույն տարածքից: Խնդիրը նրանում է, որ նա կպայքարի իր հարազատ եղբոր որդու՝ Արթուր Գևորգյանի դեմ: Վերջինս ՀՀԿ-ական է, իսկ սիրելի հորեղբայրը իր տաքուկ անկյունն է գտել սիրելի Ծառուկյանի հովանու ներքո:

Դավիթաշենում Ծաղիկ Ռուբոյենք հաստատվել են ազգ ու տակով. նրա դուստր՝ Արմենուհի Գևորգյանը ԲՀԿ Դավիթաշենի տարածքային խորհրդի նախագահն է: Ի դեպ, նա բավական հետաքրքիր կենսագրություն ունի. 2013թ.-ին նա ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: Նույն տարում նա հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ: Այն մեղմ ասած հարուստ է: Ինչպես գրել է «Առաջին լրատվական»-ը, Արմենուհին ունեցել է բանկային հաշվեհամարներում 158 մլն դրամային և 1 մլն 794 հազ. դոլարային խնայողություններ: Թեև նա չունի ոչ մի արժեթուղթ կամ ներդրում, նրա եկամուտներն 2012թ.-ին կազմել են 78 մլն 770 հազ. դրամ: Ընդ որում՝ Ա. Գևորգյանը ստացել է «Քար գազ սերվիս» ՍՊԸ-ից՝ 54մլն 250 հազ. դրամ շահույթ և 500 հազ. դրամ աշխատավարձ, «Բարերար ՀԱԳ» ՍՊԸ-ից՝ 16 մլն 480 հազ. դրամ շահույթ և 840 հազ. դրամ աշխատավարձ, «Մագնամգրուպ» ՍՊԸ-ից՝ 5 մլն դրամ շահույթ և 600 հազ. դրամ աշխատավարձ, «Դեյզի գրուպ» ՓԲԸ-ից՝ 500 հազ. դրամ շահույթ և 600 հազ. դրամ աշխատավարձ:
Ա. Գևորգյանի անշարժ գույքի ցուցակը նույնպես «տպավորիչ» է: Ընդ որում՝ նա իր ունեցվածքը կենտրոնացրել է Երևանի Դավիթաշեն համայնքում. ունի 2 հողատարածք և շինություն (որոնցից մեկը՝ 0.48 հա և 3037.42 ք/մ, մյուսը՝ 0.62 հա և 571.9 ք/մ մակերեսով), կրկին հողատարածք Դավիթաշենում (0.069 հա), հողատարածք և սրճարան Փիրումյանների փողոցում (0.01 հա և 24 ք/մ), Սասնա Ծռերի փողոցում՝ 2 հողատարածք և շինություն (0.37 հա և 47 ք/մ ու 0.28 հա և 50.9 ք/մ):
Իսկապես տպավորիչ է, մասնավորապես հաշվի առնելով այն, որ պատգամավոր հայրիկի հայտարարագրերը գրեթե դատարկ են: Միայն 2013թ.-ին նա հայտարարագրել է 3 մլն դոլար, որը հետագայում անհասկանալի կերպով անհետացել է: Մի խոսքով, Ծաղիկ Ռուբոն ունի 4 երեխա և եթե 4-ն էլ նրան այդքան աջակցեն ինչպես Արմենուհին, ապա հայրիկը կպահպանի մանդատը: Փողին մուննաթ...