2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ պարենային 13 ապրանքախմբերից մի քանիսում գրանցվել է 0.1-27.7% գնաճ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ մրգի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 17.0%, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ' 2.8% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.5%, տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքայանարինջի՝ 26.9% գնաճ:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՎԾ-ի՝ վերը նշված վիճակագրությանը, նշեց, որ թանկացումները Հայաստանում ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ. «Կարտոֆիլի գնաճը պայմանավորված է նրանով, որ անցյալ տարվա մարտ ամսին եղան ցրտահարումներ և շուկա հանված կարտոֆիլը նաև ցրտահարված էր: Ցրտահարությունից բացի՝ այս տարի առատ ձյան պատճառով շատ ճանապարհներ են փակվել և շուկայում նկատվում էր նաև ապրանքների պակաս»:

Ըստ Մելիտա Հակոբյանի՝ սրանք այն օբյեկտիվ պատճառներն են, որոնք կարող էին հանգեցնել գյուղատնտեսական մթերքների թանկացման, սակայն այս օբյեկտիվ պատճառներին ավելանում են սուբյեկտիվ պատճառները, որոնց հետևանքով անհիմն թանկանում են ոչ միայն գյուղատնտեսական ապրանքներն, այլ նաև շաքարավազն ու ալյուրը: «Երբ պետության կողմից վերահսկողությունը կորչում է, ապրանքների գներն աճում են՝ հակառակ պատկան մարմինների մշտական հայտարարությունների: Ով կարող է ինձ ասել, թե ինչու է թանկացել շաքարավազն ու ալյուրը: Ես այստեղ մեղադրում եմ նաև մեր ազգաբնակչությանը, քանի որ հենց լսում են մի տեղ ինչ-որ խնդիր կա, շատ արագ դիմում են չհիմնավորված թանկացումների:

Վերջում սպառողների ազգային ակադեմիայի նախագահը հավելեց, որ հանրապետությունում գրանցված խնձորի գնաճն ընդհանրապես անընդունելի է. «Երբ Լարսի անցակետն օրերով փակվում է և արտահանումը նվազում, մեզ մոտ այդ մթերքի լճացում է տեղի ունենում և դա պետք է բերեր գների նվազման»: