ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր տեսլականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը, ինքնասիրությունը:

«Թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, ես այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այդ թեմայով, բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»,-նշեց վարչապետը:

Անդրադառնալով հարցին՝ կո՞ղմ է հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, վարչապետը պատասխանեց. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Եկեք այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը: Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները, քանի որ սա շատ մեծ պատասխանատվություն է»,- եզրափակեց վարչապետը: