YN.am-ը (ԵրևանՆյուզ) գրում է.

Ըստ մեր տեղեկությունների, թիվ 10 ընտրատարածքում, մասնավորապես Չարենցավանում խորհրդարանական ընտրությունների պայքարին կմիանա նաև նորահայտ խաղացող ՀՀԿ թիմից: Չարենցավանում հայտնի գործարար, «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «ԱՍԿԵ Գրուպ»-ի հիմնադիրների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը ևս ցանկություն ունի մասնակցելու 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Նրան են պատկանում նաև «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը: Նրա հայրը՝ Միքայել Հարությունյանը, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է, ինչպես նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին (մորեղբայրը), 2011թ.-ին գրել է «Ժողովուրդ» թերթը: Միքայել Հարությունյանի անվան հետ է կապվում նաև «կարմիր գծերի» բիզնեսը: Նրա որդի Վահան Հարությունյանը դեռ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց արդեն քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Մասնավորապես նա փորձ է անում ընտրողներ ներգրավել տարբեր բարեգործական ակցիաների, նվերների միջոցով:

Այս մասին է վկայում նաև Վահան Հարությունյանի ֆեյսբուքյան էջը, որը բացվել է բոլորովին վերջերս: Ներկայումս ֆեյսբուքյան ակտիվությունը հանդիսանում քաղաքական PR-ի լավագույն տարբերակներից մեկը:

Այն մասին, որ նա նպատակ ունի մասնակցելու 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին, վկայում է նաև վերջերս մանկապարտեզում և հաշմանդամ քաղաքացիներին բաժանված ամանորյա «բարեգործական» նվերները: Վահան Հարությունյանը նվերների հետ մեկտեղ ներառել է նաև իր նկարը՝ գրությունով: Նրա լուսանկարով պաստառը փակցված է նաև Չարենցավանի արվեստի դպրոցում:
Չնայած, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 19-ի 5-րդ մասի 1-ին կետի. « 5. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»:
Սրա մեջ մտնում են նաև դպրոցներն ու մանկապարտեզները:
Բացի այս, պատգամավորի ապագա թեկնածուն շտապում է բարեգործական ծրագրեր իրականացնել նաև ելնելով նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասից, համաձայն որի՝ « ...Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:
Այսինքն պարոն Հարությունյանը շտապում է շահել չարենցավանցիների սրտերը, քանի դեռ չի տրվել նախընտրական քարոզարշավի սկիզբը:

Նշենք, որ Չարենցավանում ներկայումս ակտիվ է նաև «Համախմբում» կուսակցությունը: Այս տարվա հոկտեմբերին Չարենցավան և Նոր Հաճն համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթեցին հենց այս կուսակցության թեկնածուները: Հետևելով «Համախմբում» կուսակցության ֆեյսբուքյան հրապարակումներին, հասկանալի է դառնում, որ կուսակցությունը ակտիվ համագործակցություն է վարում տեղի ՀԿ-ներից որոշների հետ: Ինչպես նշեցինք, նմանատիպ «բարեգործական ակցիաներ և գթառատ միջոցառումներ» իրականացնում է նաև վերոնշյալ գործարարը ու հնարավոր է նրա մոտ դա ավելի լավ ստացվի՝ ֆինանսական տեսանկյունից:
Նախկինում ՀՀ իշխանությունները բացահայտ աջակցություն են ցուցաբերել «ԱՍԿԵ Գրուպ»-ին: ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ, 3 տարի ժամկետով հետաձգվել է ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը: 2013թ.-ին նախագահ Սերժ Սարգսյանը գործարան այցի շրջանակներում մի կարևոր փաստաթուղթ ստորագրեց. «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրին «Ասկե գրուպ» ընկերության աջակցության վերաբերյալ փոխըմբռնման երկու հուշագիր: Հուշագրերով ամրագրվել է, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման միջոցներով «Մատչելի բնակարաններ երիտասարդ մասնագետների համար» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները և ԵՃՇՊՀ աջակցությամբ երիտասարդ դասախոսների, մասնագետների և գիտաշխատողների համար բազմաբնակարան շենքի կառուցման, նույն համալսարանի մասնաշենքերի ուժեղացման և ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ուսումնագիտական կենտրոնի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի կառուցման աշխատանքներն իրականացվելու են «Ասկե գրուպ» ընկերության արտադրության 10-32 մմ տրամագծով A500S դասի ամրանների օգտագործմամբ: Իր հերթին «Ասկե գրուպ» ընկերությունը նշված ամրանները 10 տոկոս զեղչով տրամադրելու է շինարարական ընկերություններին»:
2013թ.-ին «Ժողովուրդ» թերթը գրեց այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը դարձել է ոչ մրցունակ, քանի որ այս երկու ընկերությունները գերիշխող դիրք են զբաղեցնում իրենց ոլորտում և խեղդում են հնարավորությունը մնացածի համար:
Վերջին շրջանում «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ գործերն, ըստ երևույթին, այնքան էլ լավ չեն: Այս եզրահանգմանը կարելի է գալ՝ ուսումնասիրելով ընկերության վճարած հարկերի վիճակագրությունը: Harkatu.am-ի տվյալներով, ընկերության ընդհանուր վճարած հարկերի անկումը նկատվում է 2015թ.-ից, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակին գրանցվել է ամենացածր արդյունքը: Այդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 192-րդ դիրքը:

Խոսելով գալիս խորհրդարանական ընտրություններից, նշենք նաև, որ ՀՀԿ թիմից հնարավոր է մասնակցի նաև նախկին մարզպետ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ): ՀՀԿ-ական ևս մեկ պատգամավոր, ով հավանաբար կմասնակցի ընտրություններին թիվ 10 ընտրատարածքից Վարդան Այվազյանն է:
Եվ ամենակարևորը՝ Կոտայքի մարզում «բարեգործությունների արքան» ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն է: Ներկայումս ԲՀԿ-ական պատգամավորների մի մասն մեծամասնական ընտրակարգով ընտրվել է հենց այս ընտրատարածքից: