Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի հատակին «Աղթամարի բեռնատար» անվանումով նավ է հայտնաբերվել, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Նավը գտնվել է 23 մետր խորության վրա:

Ստորջրյա նկարահանումների ղեկավար Թահսին Ջեյլանը նշել է, որ Վանա լճի հատակին ջրային ուսումնասիրություններ անցկացնող միության (VANSAD) հետ նավի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները տևել են մոտ մեկուկես տարի, և արդյունքն իրենց անչափ ոգևորում է:

Հայտնի է, որ նավը ռուսների կողմից պատվիրվել է մոտ 1915թ.-ին և կառուցվել այն ժամանակ Ռուսական կայսրության սահմաններում գտնվող պատմական հայկական Արճեշի շրջանի նավաշինարարների կողմից:

Ռուսական զորքերի հետ քաշվելուց հետո նավն օգտագործել են թուրքերը, և մինչև 1958թ.-ի խորտակումը նավը ծառայել է որպես բեռնափոխադրման միջոց: