Yelaket.am-ը գրում է.

Անհայտ անձինք ցանկանում են տիրանալ Հրանուշ Հակոբյանի «յուղոտ» պաշտոնին: Սրանում հավատացած է հենց ինքը՝ «Սփյուքի թագուհին»: Օրերս «Հրապարակ» թերթի հետ զրույցում Տիկին Հակոբյանն ասել է. «լրագրողների կամ կազմակերպված ինչ-որ մի խումբ կա, որն ուզում է էս պաշտոնին տիրանալ, թող գան տիրանան»:

Այսինքն, տիկին Հակոբյանի աշխատանքի թերությունների բարձրաձայնումն ընկալում է որպես պաշտոնին տիրելու ցանկություն, այլ ոչ թե օբյեկտիվ քննադատություն:
Հրանուշ Հակոբյանը նաև պնդում է, որ եթե մենք՝ հայաստանցիներս, չունենք իր ղեկավարած կառույցի կարիքը, ապա Սփյուռքը միանշանակ ունի, ավելին՝ ունեցել է երկար ու ձիգ 20 տարիների ընթացքում:

Բայց, ցավոք, վերջին դեպքերը ցույց տվեցին, որ Սփյուռքի նախարարությունն օգուտ չի տալիս անգամ սփյուքի ներկայացուցիչներին: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները վերջին 2 տարիների ընթացքում ստիպեցին Հայրենիք վերադառնալ բազմաթիվ «մոլորյալ հոգիների», ում մեկ բառով Սփյուռք են ասում: Եվ, օ՜ զարմանք... բազմաթիվ էին դժգոհությունները թե՛ նախարարությունից, թե՛ նախարարից: Շատերն անգամ նախընտրեցին հետ վերադառնալ կամ տեղափոխվել 3-րդ երկիր:

«Մեզի կը կանչէին, եկեք հայրենիք... ես ալ ապուշի նման մտիկ ըրի, ելա եկա...»,- ասում է հալեպից եկած տղամարդը և պատմում, որ իրեն ոչ ոք չի օգնել կամ ուղղորդել ( https://www.youtube.com/watch?v=_cooc35_Pi0 ): Սա բազմաթիվ դեպքերից, ապացույցներից միայն մեկն է:
Հիմա, մեկը լիներ ասեր՝ «Տիկին Հրանոյշ, Ձեր նախարարութիւնը որո՞ւ պէտք է... Նախարարութիւնդ ալ, դուն ալ...»
Եվ ընդհանրապես, տիկին Հակոբյանը մշտապես ընկնում է զավեշտալի պատմությունների մեջ: մի անգամ նա ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հայաստանն իր մտավոր կարողություններով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողություններով չորրորդն է աշխարհում»։ Ապուշ կտրած լրագրողները չհավատացին իրենց ականջներին ու ստիպված հարցը կրկնեցին: Ինչպես գրել է «ՀԺ»-ն, երկխոսությունը շարունակվել է այս ոգով.
– Տիկին Հակոբյան, դա ի՞նչ տեղեկություն է։
– Ես կարդացել եմ միջազգային փաստաթղթերում...
– Ո՞ր փաստաթղթերում։
– Կոնկրետ հիշել դժվարանում եմ, բայց Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում իր հաջողություններով համարվում է չորրորդն աշխարհում։
– Ո՞ր երկրներից հետո։

– Երևի Ամերիկան է, Ճապոնիան է։ Հնդկաստանն է ուժեղագույններից մեկը։ Հայաստանը չորրորդն է՝ բնակչության թվի և «հայթեքի» նկատմամբ ուշադրության համադրության առումով...
Նրա գործունեության ընթացքում փոխվել է 4 իշխանություն, սակայն Հրանուշ Հակոբյանի ֆենոմենը գնահատել են բոլորը՝ և՛ Լենին պապին, և՛ Լևոնը, և՛ Քոչարյանը, և՛ ներկայիս նախագահը:

Խոսենք ֆինանսներից. Տիկին Հակոբյանը նաև կարողանում է ճիշտ տեղաբաշխել իր միջոցները և ապահովել եկամուտ: Օրինակ, ըստ նրա հայտարարագրերի, նա տարբեր տեղեր հանձնում է տարբեր արժույթով փոխառնություններ, որտեղից մոտ 5 մլն դրամ եկամուտ է ձևավորվել միայն 2016թ.-ին:
Ինչո՞ւ Սփյուռքը հանկախծ սկսեց չվստահել Հրանուշին... դեռ 2011թ.-ին Հրանուշին մեղադրեցին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի 12 մլն 700 հազար դրամն անհետացնելու մեջ: Մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը Հրանուշ Հակոբյանին մեղադրեց փողերի լվացմամբ զբաղվելու մեջ: Մեկ այլ դրվագ՝ սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման միջոցների ճակատագրով և պետական բյուջեից նախարարությանը հատկացվող 600 միլիոն դրամով, որը քոռուփուչ է լինում անհասկանալի տեղերում, անհասկանալի նպատակներով: Այս մասին 2014թ.-ին գրել է «Հրապարակ»-ը:
Այս ամենից հետո՝ «ես ոչինչ չունեմ, բացի հագուստներից»,- ասել է Սփյուռքի թագուհին:

Նյութի աղբյուրը՝ Ելակետ լրատվական (Yelaket.am)