Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում բախվել են Toyota Altezza մակնիշի 73 GG 377 պ/հ (վարորդ 25-ամյա Գ. Պ.), Opel Vectra մակնիշի 34 PO 473 պ/հ (վարորդ 46-ամյա Կ. Կ.) և Daewoo Nexia մակնիշի 30 US 593 պ/հ (վարորդ Լ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ.Պ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կ.Կ.-ը հոսպիտալացվել է «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: