Լիտվայի այս տարվա բյուջեով նախատեսվում է պարիսպ կառուցել Կալինինգրադի հետ սահմանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Lietuvos žinios կայքը:

Իշխանությունները մտադիր են այդ նպատակով 3.6 մլն եվրո ծախսել:

Լիտվայի ՆԳ նախարարի խոսքով՝ «պարսպի մերձակայքում սահմանի հսկողության արդիականացված համակարգ կտեղակայվի, որի համար միջոցներ կհատկացվեն հաջորդ տարի»: Աղբյուրի համաձայն՝ պարիսպը «Չինական պատ» չի դառնա, պարզապես թույլ կտա կանխել մաքսանենգությունը:

Կալինինգրադի հետ Լիտվայի ցամաքային սահմանի երկարությունը 225 կմ է: Նոր կառույցի երկարությունը կկազմի շուրջ 135 կմ՝ Վիստիչյո շրջանից, որտեղ հատվում են Լեհաստանը, Լիտվան եւ Ռուսաստանը, մինչեւ Նյամունաս: