Վարդանանց փողոցում հունվարի 11-ին սպանված 19-ամյա Վահե Մուրադյանը Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր: Մինչ այդ սովորել էր ԵՊՀ-ին կից ֆիզմաթ թեքումով դպրոցում:

Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի խոսքով, Վահեի բարձր առաջադիմությամբ հիացած են համալսարանում, սովորում էր անվճար: Վահեի համակուրսեցին` Րաֆֆին, որը նույն միջադեպի ժամանակ ոտքի հատվածում վիրավորվել է եւ գտնվում է համալսարանական կլինիկայում, նույնպես լավ ուսանողի համբավ ունի: Իսկ սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը` ճիշտ հակառակը: Նրան հիշում են անբավարարների քանակով ու ցածր առաջադիմությամբ: Չատիկյանն էլ նույն ֆակուլտետից է` Վահեի ու Ռաֆիկի զուգահեռ խմբից: Հոկտեմբերից է վերսկսել ուսումը` ծառայությունից զորացրվելուց հետո:

Ողբերգության դրդապատճառների մասին իրավապահները դեռեւս կցկտուր տեղեկություններ են հայտնում, ինչից տպավորություն է, որ վիճաբանությունը ծագել է անհեթեթ պատճառով: Ըստ իրավապահ կառույցների վարկածի` տղաների միջեւ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, որ տուժող կողմը զուգահեռ խմբին համարել է «դոդիկների կուրս», ինչից հետո Չատիկյանը խոցված հավաքել է համախոհներին, եկել Վահեենց բակ, տնից կանչել ու սկսել հաշվեհարդարը:

Համալսարանականների շրջանում այլ մանրամասներ են շրջանառվում: NEWS.am-ի հետ զրույցում ուսանողները կցկտուր պատմեցին, որ Վահեն ինչ որ-մրցույթից գումար է շահել, որը զուգահեռ խմբի տղաները ցանկացել են վերցնել ու ծախսել, ինչից էլ սկսվել է կողմերի միջեւ տարաձայնությունները: Թե իրականում ինչ մրցանակի մասին է խոսքը, NEWS.am-ը զրուցել է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ, որը կողմերին լավ է ճանաչում. «Ես ճշտել եմ այդ մրցանակի հետ կապված լուրերը: Հետեւյալ պատմությունն է, խմբի ներսում մրցույթ է եղել, խնդիրներ են լուծել ու լավագույն արդյունք ցուցաբերած երեք ուսանող, որից մեկը կամ Վահեն էր, կամ Րաֆֆին, ճշգրիտ չգիտեմ, մրցույթի արդյունքում որպես նվեր ստացել է «Բուկինիստ» խանութի նվեր կտրոնը, որը եղել է 10 հազար դրամի չափով: Մանկական հիմար խոսակցություն է ծագել այդ նվեր քարտի հետ կապված, ոնց որ ստացողը ասել է` ով է ուզում գիրքը, կտամ իրեն, մեկ է` ես չեմ առնելու: Էսպիսի խոսակցություն է եղել, որի ընթացքում, ըստ լուրերի` դոդիկ-մոդիկ բառեր են ասել իրար, որից հետո թեժացել է վեճը: Այսինքն` լուրջ բան չի եղել: Շատ ցավալի է, որ էդ մանկական զրույցները էդպիսի ողբերգությամբ ավարտվեցին»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նա մանրամասնեց, թե համալսարանում ինչպիսի առաջադիմությամբ են աչքի ընկել կողմերը:

«Րաֆֆին ու Վահեն մի խմբից էին, շատ լավ ուսանողներ էին, այդ ընթացքում որքան սովորել են, բարձր ցուցանիշներ են արձանագրել: Սպանության մեջ կասկածվողի մասին նույնը չեմ կարող ասել, վատ արդյունքներ ունի, անբավարարներ: Բանակից վերադարձել էր եւ հոկտեմբերից սկսել սովորել»,-մանրամասնեց դեկանը:

Վահե Մուրադյանը «Թումո» կենտրոնի լավագույն աշակերտներից էր: Նա մրցանակակիր է եղել նաեւ կենտրոնում: Նրա եւ ընկերոջ ստեղծած խաղը անգամ հայտնվել է Google Play-ում: