Երևանում այսօր առավոտյան Նազարբեկյան 18 հասցեում գտնվող ավտոտնակում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդների ինքնությունը պարզվել է։

Tert.am-ի տեղեկություններով՝ մահացած երիտասարդներից մեկը 23-ամյա Գարիկ Ստեփանյանն է, ով Ջերմուկ քաղաքում է հաշվառված, մյուս երկուսը հարազատ եղբայրներ են՝ Աշտարակ քաղաքի բնակիչներ 21-ամյա Արտյոմ Սարկիսովն ու 25-ամյա Արթուր Սարկիսովը։

Եղբայրներից Արտյոմ Սարկիսովը ընդամենը 4 օր առաջ՝ հունվարի 11 –ին էր զորացրվել բանակից, մասնագիտությամբ երաժիշտ էր, նրա ֆեյսբուքյան Էջում հնարավոր է գտնել նաև գրառումներ այդ մասին։ Իսկ մյուս եղբայրը՝ Արթուր Սարկիսովը ամուսնացած էր։

Մահացած մյուս երիտասարդի՝ 23-ամյա Գարիկ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում էր ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Նազարբեկյան փողոցում գտնվող ավտոտնակում 3 երիտասարդի դի է հայտնաբերվել։

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր ժամը 9։30-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 18 հասցեից իրենց մոտ է բերվել 22-ամյա երիտասարդ մահացած վիճակում.

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի»,- նշեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը՝ հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։