YN.am-ը (ԵրևանՆյուզ) գրում է.

2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայիս պատգամավորները դիմում են ավելի ու ավելի անհարգալից, չլսված ու անսպասելի քայլերի: Այժմ խոսքը գնում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասին: ՀՀ ամենահարուստ պատգամավորներից մեկը, ըստ ամենայնի, չի գիտակցում, որ մարդկությունը վաղուց դուրս է եկել ստրկատիրական հասարակարգից:

Ըստ որոշ տեղեկությունների, ՍԱՍ-ի Արտակը ստիպում է իրեն պատկանող ընկերությունների աշխատակիցներին փոխել բնակության վայրը՝ իր օգտին քվեարկելու նպատակով:
Նշենք, որ 2012 թ. մայիսի 6-ին կայացած խորհդարանական ընտրություններում վերջինս ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, Արաբկիրից: 2017թ.-ին սպասվում է նոր՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների անցկացում, ինչը պատգամավորներին կանգնեցնում է փակուղու առաջ և ստիպում դիմել նման քայլերի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: «Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրութոյւններին ընդառաջ, ՍԱՍ հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից և գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ)»,- մասնավորապես գրել է նա:

Մի կողմից այս տեղեկությունը հավաստի է, քանի որ ՍԱՍ գրուպում աշխատակիցների նկատմամբ անհարգալից և ստրկատիրական վերաբերմունքի մասին նախկինում գրել ենք: Ըստ մեր տեղեկությունների, աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին ընկերությունը շահագործում է, ապա ասում՝ ցտեսություն: Բացի վերոնշյալը, մեր լրագրողը մի քանի անգամ ներկա է գտնվել է այն պահին, երբ «ՍԱՍ ՖՈՒԴ» այցելության են եկել այսպես կոչված «ստուգողներ» (իրականում ուղղակի հաղթանդամ, թիկնապահի կեցվածքով տղամարդիկ), ովքեր կոպիտ, անհարգալից և էթիկայի կանոններից դուրս ոճով նկատողություն են արել աշխատակիցներին՝ ակնհայտ ցույցադրելով իրենց բացասական վերաբերմունքը:

Նշենք նաև, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո նա ստիպված կլինի ռեյտինգային ցուցակով պայքարել բավական հզոր մրցակիցների հետ: Նույն ընտրատարածքում են նաև ՝ ՍԱՍ-ի Արտակը, Աղվան Հովսեփյանի եղբայր՝ Ռուբեն Հովսեփյանը, Գալուստ Սահակյանի որդի՝ Արման Սահակյանը:

Խոսենք նաև պատգամավորի ֆինանսական կարողությունից: Այս տարի նրա դրամական եկամուտները պակասել են գրեթե 54 մլն դրամով՝ տարվա վերջում կազմելով մոտ 1 մլրդ 76 մլն դրամ և 125,730 դոլար: Նա հայտարարագրել է 3,047,540 դրամ աշխատանքի վարձատրություն, 1,080,000 դրամ եկամուտ՝ տարածքի վարձակալությունից ստացված, 1,314,589՝ ստացված փոխառություն: Այս տարի նրա ընդհանուր եկամուտը կազմել է 50,442,129 դրամ, որից միայն 45 մլնը ձևավորվել է մեքենայի՝ RANGE ROVER-ի վաճառքից: