«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը որոշել է սատարել Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնեսին: «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք առևտրականներից ահազանգ ստացավ այն մասին, որ Քոչարյանին պատկանող «Stefano Ricci» բրենդային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն` խնդրելով արգելել այդ ապրանքանիշի իրացումը: Դիմումից հետո ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցները գազանաբար մուտք են գործել առևտրի մի շարք կենտրոններ և փաստացի առգրավել «Stefano Ricci»-ի անունով բոլոր իրերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ ԿՀԴՊԳՎ աշխատակիցները «Stefano Ricci»-ից ստացված գրության հիման վրա համապատասխան առևտրային կետերում հաշվառել են ապրանքները և տեղում ի պահ հանձնել վաճառողներին: Նշենք, որ մանր գործարարներն այլ երկրներից առանց խոչընդոտների միանգամայն օրինական ճանապարհով Հայաստան են ներմուծում մի շարք հայտնի բրենդների ոչ օրիգինալ տարբերակները և այստեղ իրացնում: Բայց հիմա պարզվում է՝ «Stefano Ricci» անունով ապրանքներ վաճառելն արգելված է մեր երկրում: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե մանր բիզնեսին չեն խոչընդոտում այսօր: Իրո՞ք: