Երեւանում հունվարի 11-ին 18-ամյա ուսանող Վահե Մուրադյանին սպանելու մեջ մեղադրվող Կարեն Չատիկյանը Կոտայքի մարզի Ակունք գյուղից է, մանկավարժների ընտանիքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը:

Գյուղապետի խոսքով, Կարենը բանակից ամռանն է վերադարձել, ապրիլյան պատերազմի օրերին ծառայել է Թալիշի դիրքերում:

«Կարենը շատ լավ է սովորում, դպրոցի լավագույն աշակերտներից էր, մեզ համար պարզապես զարմանալի է, որ նա նման քայլի է դիմել»,- ասաց նա:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է 18-ամյա Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ 17-ամյա Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանող 21-ամյա Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 112-րդ հոդվածի 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Կարեն Չատիկյանն իրավապահներին պատմել է, որ պատճառը եղել է այն, որ Վահեն կուրսեցիներին «դոդիկ» է ասել: