YN.am-ը գրում է.

Մեր օրերում, ֆորեքս գործարքները համարվում են խաղամոլության տեսակ «խելացիների» համար: Մարդկանց մեծամասնությանը ղեկավարվում են իրենց իսկ զգացմունքներով և դրանք ամբողջությամբ ի հայտ են գալիս հենց ֆոնդային շուկայում: Ֆորեքս գործարքներով զբաղվելու համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ, որոնք ստանալու համար գոյություն ունեն ուսուցողական և խորհրդատվական ընկերություններ:


Հայաստանում այսպիսի կազմակերպություններն այնքան էլ շատ չեն, բայց առանձնանում է Teletrade ընկերությունը, որը շուկայի ամենակասկածելի խաղացողներից է:
Տվյալ ընկերությունը տարածում ունի աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանյան գրասենյակն աշխատում է «որքան շատ ընկերներ, այնքան շատ եկամուտ սկզբունքով»: Այսինքն, որքան շատ մարդ հնարավոր լինի ներգրավել, այնքան բարձր կլինեն իրենց իսկ եկամուտները:

Վերլուծենք այս ֆինանսական համակարգի հիմնական սկզբունքը: Առաջին փուլում ընկերությունն «աշխատանք» է առաջարկում գործազուրկ (և ոչ միայն) մարդկանց, իսկ քանի որ ՀՀ-ում աշխատանքի կարիք ունեն շատերը, դիմողների պակաս չի լինում: Ընկերությունն անցկացնում է երկշաբաթյա անվճար սեմինար-դասընթաց, որի ընթացքում սովորեցնում է ապագա «աշխատակիցներին» արժութային, ֆոնդային և այլ շուկաներում գործարքներ իրականացնելու «վարպետություն»: Գործարքները կնքվում են demo եղանակով և միայն գրգռում են մասնակիցների ախորժակը: Երբ դասընթացն ավարտվում է, մասնակիցներին թվում է, թե նրանք արդեն «սուպեր» թրեյդերներ են, տիրապետում են շուկային և կարող են հեշտությամբ գումար աշխատել: Նրանք նաև հանձնում են քննություն, որը բարեհաջող անցնելու հետո պետք է անցնեն աշխատանքի Teletrade-ում, սակայն անհրաժեշտ շեմը հաղթահարել չի հաջողվում գրեթե ոչ ոքի:
Որոշ ժամանակ անց, սեմինարի մասնակիցները ստանում են զանգ, որով նրանց հրավիրում են գրասենյակ՝ ծանոթանալու «աշխատանքի» առաջարկի հետ:

Իրականում, այսպիսի զանգ ստանում են շատերը և հավաքվում է մարդկանց մի ամբողջ խումբ: Ընկերության ներկայացուցիչն ասում է, որ իրենք ընտրել են «լավագույններին» և ունեն հիանալի առաջարկ. աշխատանքի անցնել իրենց մոտ, ինչի համար անպայմանորեն անհրաժեշտ է բացել իրական հաշիվ իրենց ընկերությունում ու զբաղվել թրեյդինգով, գումար աշխատել իրենց օգնությամբ: Սակայն այստեղ գործում է նաև ցանցային մարքեթինգի սկզբունքը. յուրաքանչյուր մասնակից պետք է աշխատի էլ ավելի շատ մասնակիցներ ներգրավելու ուղղությամբ: Որպես կանոն տվյալ ընկերության աշխատակիցները մարդկանց ուղեղների լվացման լավագույն մասնագետներն են:
Ամենակարևորը. հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ունենալ նվազագույնը 2000 ԱՄՆ դոլար: ՀՀ քաղաքացին իր իրական գումարը ներդրում է Teletrade-ի բոլորին անհայտ (cloud) հաշվում, որը անգամ հայաստանյան հաշվեհամար չէ. բացվում է օտար երկրում և հետքերը գտնելը գրեթե անհնար է: Ընկերության եկամուտը ձևավորվում է տվյալ պահին արժույթի առքի և վաճառքի գնի տարբերությունից: Ըստ մեր տեղեկությունների, ընկերությունը շահույթ ունի նաև հաճախորդի կողմից կորցված գումարներից: Իսկ հաշիվն իրենց կառավարմանը հանձնելը ուղղակի «երազանք» է ընկերության համար: Վերջերս փոխվել է նաև ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար և ամբողջական կազմը:

Ընկերության աշխատակիցների հիմնական առաջադրանքը ավելի ու ավելի շատ «յուղոտ» հաճախորդների ներգրավումն է: Իսկ թե ինչ ճակատագիր կունենա աշխատանքի փնտրտուքի արդյունքում այստեղ հայտնված հասարակ քաղաքացու ֆինանսական ներդրումը, չի հետաքրքրում ոչ ոքի: Ի դեպ, այցելելով տվյալ հաստատություն կտեսնեք, որ այնտեղ գրեթե միայն երիտասարդներ են:

Teletrade-ի մասին այլ կարծիքներ փնտրելու համար երկար ժամանակ չպահանջվեց, քանի որ համացանցն ուղղակի ողողված է բազմաթիվ մարդկանց դժգոհություններով:
Նշենք, որ այս ֆինանսական համակարգի կասկածելի գործարքներն արդեն երկար տարիներ է իրականացվում է ԿԲ հենց քթի տակ՝ հարևան շենքում: Մենք հարցի պարզաբանման համար դիմեցինք նաև Կենտրոնական բանկին, որտեղից մեզ պատասխանեցին՝ «... կազմակերպությունները երբևէ չեն լիցենզավորվել և/կամ վերահսկվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»:

Ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացիների հաշվին մեծ գումարներ աշխատող այս ընկերությունը ՀՀ-ին՝ որպես հարկ, չի վճարում և ոչ մի լումա: Քանի որ հաշիվները բացվում են այլ երկրներում հետևաբար չեն հարկվում ՀՀ-ում: Իսկ պաշտոնապես այս ընկերությունը գրանցված է որպես «Տելեթրեյդ» ֆինանսական ուսումնական կենտրոն: Ինչպես նշեցինք, ուսումնական կենտրոնում անցկացվում են դասընթացներ, որոնք անվճար են, հետևաբար ևս չեն հարկվում: Ստացվում է՝ ընկերությունը փաստացի չունի եկամուտ:

Նշենք, որ սա միակ ընկերությունը չէ, որն աշխատում է վերոնշյալ ոճով: Մյուսներին կանդրադառնանք հետագայում, սակայն ցանկանում ենք համապատասխան պետական կառույցների ուշադրությունը հրավիրել այս ոլորտի վրա, հորդորելով՝ թույլ չտալ մոլորեցնել կամ ոտնահարել ՀՀ քաղաքացու շահերը, քանի որ սա գրեթե նույն սկզբունքներով գործող համակարգ է, ինչ խաղամոլություն խթանող մյուս ոլորտները: Իսկ արդեն գործող բարդ ու խճճված ֆինանսական մեխանիզմը, որը բացահայտելն ու կանոնակարգելը հեշտ գործ չէ, հավանաբար օրենսդրական բացթողման արդյունք է: