Yelaket.am-ը գրում է.

Ucom կապի օպերատորը ոչ միայն ոտնահարում է սպառողի շահերը, այլև զբաղվում է խաբեությամբ: Կապի օպերատորի կոնկրետ ծառայության մասին կայքում տեղադրված և այլ միջոցներով տրամադրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ըստ օպերատորի պաշտոնական կայքի տվյալների. «U!TV Select ծառայության շնորհիվ Դուք կարող եք անձամբ ընտրել ֆիլմերի, մանկական, լրատվական, գիտական, սպորտային և երաժշտական ալիքներ, համաձայն Ձեր նախասիրությունների, և ձևավորել սեփական հեռուստատեսությունը:
U!TV Select փաթեթի հետ Դուք ստանում եք 42+10HD հիմնական հեռուստաալիքներ և հնարավորություն ընտրելու հավելյալ ալիքներ, որոնց ամսավճարը կազմում է 80-1200 դրամ: Ընտրված ալիքների գումարային արժեքը պետք է կազմի առնվազն 1500 դրամ»:

Սակայն մեր զրուցակիցը պնդում է, որ սա ընդամենը խաբեություն է:
Ըստ մեր զրուցակից քաղաքացու, ինքն օգտվել է U!NET LITE ծառայությունից, որն արժե 6000 դրամ: Ցանկանալով օգտվել նաև U!TV Select-ից, ինքը ծանոթացել է օպերատորի կողմից առաջարկվող ծառայության մանրամասներին պաշտոնական կայքի միջոցով, որտեղ և հանդիպել է վերը նշված տեղեկությանը:

Քաղաքացին անգամ գրավոր դիմել է օպերատորին՝ խնդրելով տրամադրել իրեն տվյալ ծառայությունը 2500 դրամով, քանի որ դա համապատասխանում է իրենց կայքում նշված տեղեկությանը և ստացել է մերժում:
Հատված քաղաքացու «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանին ուղղված դիմումից. «...Իմ կարծիքով կհամաձայնեք ինձ հետ, որ «տալ հնարավորություն» և «պարտադրել» դրանք տարբեր բաներ են: Ուստի ես ունեմ հնարավորություն ընտրել ալիքներ որոնք ընդհանուր գումարը չպետք է լինի քիչ քան 1500 դր., սակայն ես կարող եմ չօգտվել այդ հնարավորությունից»:
Քաղաքացուն զանգահարած Ucom-ի աշխատակիցը նախ մերժել է նրա դիմումը հեռախոսազանգի միջոցով, սակայն երբ քաղաքացին պնդել է, որ իր գրավոր դիմումին պատասխանեն գրավոր, բաժանորդների Սպասարկման Թիմը նրան ուղղել է հետևյալ պատասխանը.

« ...ի պատասխան Ընկերություն ներկայացրած Ձեր դիմումի, հայտնում ենք այն մասին, որ Ընկերության ընդհանուր պայմանների և դրույթների 3.4 կետի համաձայն՝ Յուքոմի կողմից առաջարկվող Ծառայությունները, Սակագնային Պլանները/Փաթեթները, Ծառայությունների նկարագրությունը, ցանկը, դրանց նկատմամբ կիրառվող գները, Ծառայությունների մատուցման պայմանները, առանձնահատկությունները և այլ անհրաժեշտ տեղեկությունները սահմանվում են Յուքոմի կողմից և անվճար հասանելի են Ձեզ Յուքոմի վեբ կայքում, Վաճառքի և սպասարկման կենտրոններում: Հավելենք նաև, որ www.ucom.am կայքում U!TV Select փաթեթի նկարագրության մեջ նշված է, որ այն ներառում է 42+10HD հիմնական հեռուստաալիքներ և հնարավորություն ընտրելու հավելյալ ալիքներ, որոնց ամսավճարը կազմում է 80-1200 ՀՀ դրամ: Ընտրված ալիքների գումարային արժեքը պետք է կազմի առնվազն 1500 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից՝ U!Net Lite և U!Tv Select (առանց հավելյալ ալիքներ) սակագնային փաթեթին բաժանորդագրվելու մասին Ձեր դիմումը, ցավոք, չի կարող բավարարվել» (մեջբերման ավարտ):

Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի. «Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանում է կառավարությունը»:
Ինչպես նաև 2-րդ մասի «գ» կետով ասվում է.
« 2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով պետք է պարունակի`
...
Գ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը և ձեռքբերման պայմանները.»:
Յուքոմի պատասխան նամակում հղում է արվում այն կետին, համաձայն որի ընկերության ծառայությունների գները սահմանվում է հենց ընկերության կողմից, ինչը սակայն թերի և չբավարարող պատասխան է: Եթե ընկերությունը սահմանում է տվյալ ծառայության գինը X գումար, ապա այդ մասին տեղեկությունը պետք է լինի հասանելի և հասկանալի սպառողների համար, իսկ եթե ընկերության պայմանն այն է, որ պետք է «պարտադիր» ընտրել հավելյալ հեռուստաալիք նվազագույնը 1500 դրամ արժողությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի օգտվել տվյալ ծառայությունից, ապա «պարտադիր» հասկացությունը պետք է ևս հասանելի և հասկանալի լինի սպառողներին: Հակառակ դեպքում սա ընդամենը սպառողին մոլորեցնելու դեպք է, ինչը համարվում է անբարեխիղճ մրցակցության տարր: