YN.am-ը գրւմ է.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն առատաձեռն ու ճոխությունների սովոր մարդ է: Այս խոսքերի իրավացիության մեջ դեկտեմբերի 19-ին համոզվեցին լրագրողները, ովքեր ներկա էին նախարարության գործունեության 2016թ.-ի ամփոփման ասուլիսին: Ասուլիսը, մեղմ ասած, համեստ չէր, իսկ բյուջեի տնտեսման մասին անգամ խոսք գնալ չէր կարող: Ինչպես ասել է նախարարը՝ ասուլիսը կազմակերպելու համար ծախսվել է 888 հազար դրամ: Նրա խոսքերով՝ բարձրակարգ հյուրանոցի դահլիճը, ինչպես նաև հյուրասիրությունը կազմակերպվել է իր անձնական միջոցների հաշվին: Այսինքն, նախարարը իր մոտ մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել է լրագրողների սիրտը շահելու գործին: Սա, իհարկե, շատ կարևոր նախաձեռնություն է, բայց Վահան Մարտիրոսյանը չպետք է մոռանա, որ լրագրողներն էլ միամիտ չեն:

Վահան Մարտիրոսյանը բավական հետաքրքիր անցյալ ունի բիզնես տեսանկյունից: Ուշագրավ է նաև Էթիկայի հանձնաժողով նրա կողմից ներկայացված հայտարարագիրը, որի շնորհիվ կարելի է փաստել, որ նա ամենահարուստ նախարարներից մեկն է:
Ըստ հայտարարագրի նախարարն ունի 2 բնակարան, հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ, անհատական բնակելի տուն (ընդհնուր 7 կտոր անշարժ գույք), ինչպես նաև 3 շքեղ մեքենա: Նրա հանձնած փոխառությունները կազմում են 15 մլն 200 հազար դրամ, ինչպես նաև 520 հազար ԱՄՆ դոլար (գումարային): Դրամական միջոցները ևս փոքրաթիվ չեն. ավելի քան 26 մլն դրամ, 628 հազար ԱՄՆ դոլար, 322 հազար եվրո: Տվյալ տարում Վահան Մարտիրոսյանը 56 մլն եկամուտ է ունեցել, որից առյուծի բաժինը ընկնում է շահաբաժնին՝ մոտ 31 մլն դրամ: Եկամտի մնացած մասը ձևավորվել է տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից, վարձակալության դիմաց ստացված վճարներից ու աշխատանքի վարձատրությունից: Ի դեպ, ամենաքիչ եկամուտը նա ձևավորել է աշխատավարձից՝ ընդամենը մոտ 1.5 մլն դրամ:

Ի դեպ, այժմյան նախարարն առատաձեռնություն է ցուցաբերում նախկինում պետության միջոցներով կուտակած հարստության հաշվին: Այս մասին նոյեմբեր ամսին գրեց «ՉԻ» թերթը: Գաղտնիք չէ, որ Վահան Մարտիրոսյանը հանդիսացել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ հիմնադիրներից մեկը: Ընկերությունը հիմնվել է 2007թ.-ին, իսկ 2012թ.-ին փետրվարին ընկերությունը դարձել է ռուսական «Ռոստելեկոմ» խմբի անդամ: Պարզվում է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն մութ մեխանիզմների միջոցով, կարողացել է իր ցանցը տարածել ամբողջ հանրապետությունով մեկ: Այս սխեմայի մեջ իր մասնակցությունն է ունեցել նաև այժմյան վարչապետը, ով 2007թ.-ին «Հայռուսգազարդ» ընկերության տնօրենն էր: Ավելի կոնկրետ Մեղրիի գազիֆիկացման աշխատանքների ժամանակ, սպառողների կողմից վճարվող միջոցների հաշվին փորված փոսերում տեղադրվել են ոչ միայն գազի խողովակներ, այլև «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի մալուխները: Այդ ժամանակ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի տերը ՀՀ-ն էր: Հետագայում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» 22.5 մլն դոլարով վաճառվեց «Ռոստելեկոմ»-ին: Այսինքն, Վահան Մարտիրոսյանը վաճառել է մի բան, ինչի համար չի ծախսել գումար ու ինչի համար վճարել են ՀՀ քաղաքացիները (խողովակի անցկացման ծախսերը ներառված են եղել գազի գնի մեջ):

Այ այսպիսի «անձնական միջոցների» հաշվին է այժմ իրեն ճոխություններ թույլ տալիս նախարարը...
Իսկ ինչ վերաբերում է «Ռոստելեկոմ»-ին, ապա ըստ ամենայնի փոխվել է միայն նրանց բրենդավորումը, իսկ սպասարկումն ու ծառայության որակը մնացել է 2007թ.-ի մակարդակին: