Համաձայն չլինելով «Ժառանգության»՝ վերջին օրերի որդեգրած քաղաքականության հետ, կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Սա էլ, կարելի է ասել, որ նորմալ երեւույթ է, որն այս օրերին հաճախ է կրկնվելու։ Սակայն ապշեցրեց «Ժառանգության» արձագանքը։ Այդ կուսակցության վարչության անդամներից մեկը, որի անունը չենք ցանկանում նշել, որովհետեւ մեկ է, դրան ճանաչող չկա, ասել է հետեւյալը. «Անահիտ Բախշյանը կուսակցությունում առանցքային անդամ երբեք չի եղել, նրա տարիքի համար, իր կորցրած ամուսնու հետ կապված, իրեն հարգում էին։ Բախշյանի գնալը իր անձնական գործն է, կարծում եմ, ինքը սխալ է արել, հետո կհասկանա»։ Այսպիսի ցինիզմր անհասկանալի է։ Նախ, երբ ասում են «Ժառանգություն», առաջիններից մեկը միշտ Անահիտ Բախշյան ենք հասկանում։ Այդ կուսակցության առավել հավասարակշռված, գրագետ, կիրթ, զուսպ ներկայացուցիչներից մեկն էր։ Այն, որ «Ժառանգությունը» խորհրդարանում տեղ ունի, մեծապես պայմանավորված է հենց Անահիտ Բախշյանի գործոնով։ Բայց դա դեռ մի կողմ։ Հիմա մարդը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Կարելի էր շատ ավելի ցիվիլ կերպով արձագանքել։ Ասել՝ օրինակ, որ ցավում ենք, որ դուրս է գալիս, հարգում ենք Անահիտ Բախշյանի որոշումը, նա այս տարիների կուսակցության համար մեծ գործ է արել, նպաստել է «Ժառանգության» հեղինակության աճին, չենք կիսում նրա որոշումը, սակայն հաջողություն ենք մաղթում, հուսով ենք, որ հետագայում կշարունակենք համագործակցել եւ այլն։ Սա կլիներ նորմալ արձագանք, ու ամեն մեկը կշարունակեր իր ճանապարհով գնալ։ Բայց ոչ թե փողոցային, խորհրդային կոմունալկայի լաչառների ոճով նման արտահայտություններ անել։ Ու սրա համար պետք է ոչ թե ասողին ամոթանք տալ, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը թույլ է տվել, որ Անահիտ Բախշյանի հասցեին այսպիսի վարքագիծ դրսեւորվի։ Բան չունենք ասելու, էլի գնացեք, դաշինքներ կազմեք, Սեյրան Օհանյանի հետ, Գեղամյանի կամ ցանկացած մեկի հետ, բայց պարկեշտության, տարրական դաստիարակության նորմերը մի աղավաղեք։ Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում