Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day), որը սահմանվել է ԱՄՆ-ում՝ 1986թ.:

Ինչպես նշում է calend.ru-ն, տոնի ավանդույթի համաձայն, այս օրը կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթների հետ:

Չնայած, որ տոնն այդքան էլ հին պատմություն չունի, այնուհանդերձ՝ դրա հեղինակի անունը հայտնի չէ: Չի նշվում նաև, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունվարի 21-ը: Շատերը համարում են, որ Գրկախառնությունների միջազգային օրը սահմանվել է ուսանողների նախաձեռնությամբ: Ամեն տարի այս օրը նրանք իրականացնում են թեմատիկ ֆլեշմոբեր:

Առավել հաճելի է այն փաստը, որ Գրկախառնությունների տոնը նշելու համար որևէ գումար կամ նվեր հարկավոր չէ. բավական է միայն ամուր գրկախառնվել: Հոգեբանների կարծիքով՝ մարդիկ, որոնք ուզում են գրկախառնվել, ապահովության զգացումի, սիրո և ջերմության կարիք ունեն։