Երեւանի բնակիչներն այսօր ականատես եղան, որ օրեր առաջ քաղաքի բարձրադիր գոտիների (Նոր Նորք, Ավան, Ջրվեժ ...) վրա տարածված մառախուղն այլեւս չկա, փոխարենը մառախուղով են պատվել Երեւանի ցածրադիր հատվածները եւ Արարատյան դաշտը:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այս երեւույթը հետեւյալ կերպ բացատրեց.
«Երեւանի ցածրադիր հատվածներն ու Արարատյան դաշտն այսօր առավոտյան իր մեջ ընդգրկած մառախուղը (նկարում) կապ չունի այն մառախուղի հետ, որ կար օրեր առաջ: Այն թաղանթը, որ իր մեջ ընդգրկում էր ամբողջ Արարատյան դաշտը եւ Երեւանը, դա քայքայվել է հունվարի 19-ին Թուրքիայի տարածքից Հայաստան ներթափանցած տեղումնաբեր ցիկլոնների հետ: Այն, ինչ այսօր առավոտյան տեսանք, դա կոչվում է ռադիացիոն մառախուղ. սա լուսադեմին առաջանում է միայն շատ փոսային, ցածրադիր, գոգավոր հատվածներում, բայց ցերեկը դա էլ է վերանում: Այսինքն՝ կեսօրից հետո արեւ կտեսնեն նաեւ Երեւանի ու Արարատյան դաշտի ցածրադիր հատվածի բնակիչները: Մառախուղը նորից կհայտնվի վաղը լուսադեմին: Իսկ թե որքան ժամանակ դա կշարունակվի՝ դեռ դժվար է ասել»:
Օդերեւութաբանն այսօր տեղեկացրել էր, որ հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչեւ հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: Այս ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված հունվարի 25-ի երեկոյան ժամերից սկսած 3 օր Հայաստանում ձյան տեսքով տեղումներ կդիտվեն: Սուրենյանն ասաց, որ դեռ դժվար է խոսել դրանց ինտենսիվության մասին, սակայն կարող է ասել, որ լեռնային մարզերում եւ լեռնանցքներում նաեւ բուք կլինի:

Տեղումներին զուգահեռ Հայաստանում սպասվում է նաեւ ջերմաստիճանի բարձրացում. հունվարի 26-ին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Օրինակ, եթե Երեւանում հունվարի 24-25-ին օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14...-16, ցերեկը -5...-7, հունվարի 26-28-ին գիշերը սպասվում է -5...-7, ցերեկը՝ -1....-3 աստիճան ցուրտ: