YN.am-ը գրում է.

Ucom կապի օպերատորը շարունակում է գործել անպատժելիության մթնոլորտում: Ինչպես նախկինում գրել ենք, ընկերության բազմաթիվ սպառողներ իրենց դժգոհությունն են հայտնում օպերատորից որոշ հեռուստաալիքների այլ տարբերակներով փոխարինման պատճառով: Մեզ դիմած քաղաքացիները չափազանց դժգոհ են ընկերության այս վարվելակերպից:
Խնդիրը նրանում է, որ Յուքոմ (Ucom) կապի օպերատորը իր կողմից տրամադրվող հեռուստատեսային ալիքները ենթարկում են փոփոխության՝ պատճառաբանելով տարբեր հանգամանքներ: Այս իրավիճակում, բնականաբար տուժում է ՀՀ քաղաքացին և ոտնահարվում են նրա շահերը:
Մենք զրուցել ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով փաստեց, որ սա այն ոլորտն է, որտեղ ըստ էության պետական վերահսկողություն և պետական կարգավորում չի սահմանվել: Ըստ նրա՝ այս խնդրով մասնակիորեն պետք է զբաղվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև ՀՌԱՀ-ը: Մենք ճշտեցինք նաև ոլորտի մասնագետի կողմից նշված կառույցների տեսակետը խնդրի շուրջ:
Ցավոք, արդյունքը հուսադրող չէր...
Երեք պետական կառույցներն էլ, որոնց դիմել ենք, չեն տվել պատասխան, որը կպաշտպաներ քաղաքացու շահը: Պատասխաններն ակնհայտ խուսափողական բնույթ են կրում:
Մեր կողմից հնչող հարցադրումը պարզ էր. «խնդրում եմ տրամադրել եզրակացություն կամ մեկնաբանություն Ucom կապի օպերատորի կողմից բաժանորդներին ցուցադրվող հեռուստաալիքների կամայական կամ առանց բաժանորդի համաձայնության փոփոխման (այլ հեռուստաալիքի ցուցադրում) մասին: Խնդրում եմ մանրամասնել, թե արդյո՞ք տվյալ կապի օպերատորը ունի իրավունք, չի խախտում սպառողի իրավունքը, շահը որոշակի հանգամանքներից ելնելով փոփոխության ենթարկել որևէ հեռուստաալիք, առանց սպառողի համաձայնության»:
Նախ, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին ուղղած մեր գրավոր հարցման պատասխանը. «համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի՝ հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիաները տրամադրվում են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, որն էլ իրականացվում է հեռուստառադիոընկերությունների գործունեության վերահսկումը»:
Գրավոր հարցմանը պատասխանել է նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Պարոն Դեմիրխանյանը մեզ խորհուրդ է տալիս նաև դիմել ՀՌԱՀ:
Նշենք, որ մեր գրավոր հարցադրումը ուղղված էր միանգամից 3 պետական կառույցների: ՀՌԱՀ Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դ. Մարգարյանի կողմից ստորագրված պատասխանն առավել ուշագրավ էր. «... հայտնում ենք, որ հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող ընկերությունները, այդ թվում նաև «Յուքոմ» ՍՊ ընկերությունը էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցումը իրականացնում է բաժանորդների հետ պայմանագրային կարգով, որտեղ երկկողմ համաձայնությամբ սահմանվում են հեռուստառադիոընկերության կողմից մատուցվելիք ծառայության պայմանները:
Հայտնում ենք նաև, որ Հանձնաժողովը վերը նշված պայմանագրի կողմ չի հանդիսանում և հեռուստառադիոընկերությունների ծրագրային քաղաքականությանը միջամտելու գործառույթ չունի»:

Այս պաշտոնյան խորհուրդ է տալիս հարցերը պարզաբանել «Յուքոմ» ՍՊ ընկերության հետ:

Հաջորդը ՏՄՊՊՀ-ն է... Մեր գրավոր հարցման պատասխանը ստորագրված է Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կողմից: Պատասխանում պարոն Շաբոյանը երկար-բարակ «բացատրել» է, որ ինքը չի կարող տալ եզրակացություն կամ մեկնաբանություն այս հարցի շուրջ, քանի որ այն դուրս է ՏՄՊՊՀ լիազորությունների շրջանակից: Այնուամենայնիվ, մեկ էջանոց շարադրանքից հետո, գրավոր պատասխանի մեջ ասվում է. «Հետևաբար, Գրություններում նշված հարցերը կարող են հանձնաժողովի կողմից քննարկման առարկա դառնալ միայն օրենքով սահմանված կարգով իրականացված վարչարարության (վարչական վարույթի) ընթացքում:

Ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը սահմանված կարգով կուսումնասիրի Ձեր կողմից բարձրացված հարցերը և արդյունքների մասին կտեղեկացնի Ձեզ»:
Մեկ հարց, երեք պետական կառույց, երեք պատասխան և ոչ մեկը չտվեց ճշգրիտ պատասխան: Առաջինը՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ասում է՝ «դա իմ գործը չէ»: Երկրորդը՝ ՀՌԱՀ, թողնում է քաղաքացուն «ինքնուրույն» լուծելու խնդիրը Ucom կապի օպերատորի հետ, իսկ երրորդը՝ ՏՄՊՊՀ, սեփական անգործությունը թաքցնելու համար որոշում է «դասախոսություն կարդալ» լրագրողի գլխին: Պատասխաններում առկա են բազմաթիվ հղումներ ՀՀ օրենքների տարբեր կետերի, սակայն մենք կմեջբերենք միայն մեկը՝ «մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից» (ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2-րդ, հոդված 14):
ՀՀ Սահմանադրությունով ամրագրված այս կետը պարտավորեցնում է նշված պետական կառույցներին առավել արդյունավետ, հետևողական և առանց բացթողումների իրականացնել սեփական աշխատանքը: Այդ կետով տրվում են բոլոր հարցերի պատասխանները. պետությունը պետք է պաշտպանի մարդու արժանապատվությունը: Այս դեպքում, բացի մյուս բոլոր իրավունքների և շահերի ոտնահարումը, ոտնահարվում է նաև մարդու արժանապատվությունը, ով վճարում է ծառայության համար, սակայն օրենքի թերիության կամ պետական կառույցի ոչ զգոն աշխատանքի հետևանքով չի ստանում այն:

Պարզից էլ պարզ է, որ Յուքոմ կապի օպերատորը օգտվում է ստեղծված իրավիճակից և թելադրում է սեփական կանոնները պետության ներսում:
Այսպիսով, այս խնդիրը առավել բարձր օղակներին հասանելի դարձնելու և լուծում ստանալու ակնկալիքով խնդրում ենք ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին ուշադրություն դարձնել նշված խնդրի վրա և այս հոդվածը համարել բաց նամակ ուղղված վարչապետին: Խնդրում ենք, նշված խնդրին լուծում տալու համար հանձնարարականներ տալ համապատասխան պետական կառույցներին և լինել հետևողական: