«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը «իր քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակով անակնկալ այցով մեկնել է Մոսկվա», ինչի պատճառով էլ չի մասնակցել ՀՀ ԳՄ այս տարվա առաջին նիստին: Նույն օրվա ընթացքում լուր եղավ, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Առաջին հայացքից անարժանահավատ թվացող սույն լուրը շաբաթ օրը կայքերից մեկին տված մեկնաբանությունում հաստատել է ինքը`Աբրահամյանը: Նա ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ:

Աբրահամյանի Մոսկվա կատարած անակնկալ այցի, Մեդվեդեւի հետ հանդիպման մասին տեղեկացրած կայքն այսօր հերթական ուշագրավ լուրն է հրապարակել: Ըստ այդմ, արտերկիր կատարած այցերից մեկի ժամանակ «խաչվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի թռիչքային ուղղությունները. նրանք հանդիպել են ինքնաթիռում եւ մոտ 40 րոպե առանձնազրույց ունեցել»: Տողատակում խոսքը, կարծես թե, Մոսկվայի այցի մասին է:

Քաղաքական կարեւոր իրադարձությունների շրջանում Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի անակնկալ հանդիպումներն արդեն օրինաչափություն են դարձել: Նրանք պատահմամբ ինքնաթիռում հանդիպել էին 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Եւս մեկ պատահական հանդիպում տեղի էր ունեցել 2015-ի փետրվարի սկզբին:

Հովիկ Աբրահամյանի հունվարի 19-ի այցը եւ Մեդվեդեւի հետ հանդիպումը, թերեւս, պետք է դիտարկել 2015-ի իրադարձությունների շարունակության համատեքստում: Փորձագետներն Աբրահամյանի այցի առիթով հիշեցնում են, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց ՌԴ իշխանության անմիջական մասնակցությամբ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության», ինչպես նաեւ` Սահմանադրական հանրաքվեն խոչընդոտելու փորձերի տապալումից հետո: Արդյունքում` Աբրահամյանն, ըստ էության, դուրս մղվեց քաղաքական գործընթացներից: Հիմա, ըստ այդ վերլուծությունների, իրավիճակ է փոխվել, Գագիկ Ծառուկյանն է վերադարձել եւ դրանով պայմանավորված Մոսկվայի մարդը համարվող Կարեն Կարապետյանի ծրագրերում խառնաշփոթ է առաջացել:

Վաղը սկսվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ մայրաքաղաք, որը ըստ փորձագետների, կարեւոր է նրանով, թե ինչ չափի ներդրումներ կբերի Հայաստան:

«Հայկական ժամանակը» անցյալ շաբաթ գրել էր. « ՀՀ կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում: Մեր աղբյուրների պնդմամբ, այդպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում...Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ եւ հանրության աչքում պետք է ամրապնդվեն»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարը վտանգվել է հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ հնարավոր է բնակության տեղեկանքի պատճառով նա չկարողանա մասնակցել առաջիկա ընտրություններին: Չի բացառվում, որ Քոչարյան-Աբրահամյան-Մեդվեդեւ ուղղակի եւ անուղղակի քննարկումները կապված են Կարապետյանի երերուն վիճակի հետ: Մեկ անգամ տապալված Աբրահամյանը թերեւս փորձել է վերջին անգամ սթափեցնել ՌԴ գործընկերներին այն առումով, որ նրանք ՀՀ-ում սխալ խաղադրույք են անում հենվելով Կարեն Կարապետյանի վրա:

Բնականաբար, Աբրահամյանն իր հետ տարած կլինի հաղթական ճանապարհային քարտեզ, որի առանցքում թերեւս Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքների միավորումն է եւ Սերժ Սարգսյանին լուրջ եւ անհաղթահարելի մարտահրավեր նետելը: Արդյոք Աբրահամյանի ճարտասանությունը ցանկալի արդյունք տվե՞լ է, կերեւա շատ մոտ ապագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում