ԱՄՆ վարչակազմը կոչ է արել հանրությանը հանգիստ թողնել նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ 10-ամյա Բերոնին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Ըստ վաղեմի ավանդույթի՝ նախագահների երեխաներին տրամադրվում է հնարավորություն մեծանալու առանց քաղաքական ուշադրության։ Սպիտակ տունն ակնկալում է, որ այդ ավանդույթը կշարունակվի։ Երախտապարտ ենք Ձեզ այդ հարցում համագործակցության համար»,-ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ որոշ համացանցային օգտատերեր ծաղրել էին տղային հոր երդմնակալության արարողության ժամանակ դրսևորած վարքի համար։ Նրանց թվացել էր, թե երեխան քնկոտ տեսք ունի և ցրված է։ Նրանց անհեթեթ էր թվացել նաև այն, որ դպրոցականը որոշել էր խաղալ Իվանկա Թրամփի որդու հետ։ Իսկ NBC հեռուստաալիքով հեռարձակվող Saturday Night Live շոուի սցենարիստ Քեթի Ռիչը թվիթ էր հրապարակել Բերոն Թրամփի մասին։ Նա գրել էր, որ տղան կլինի երկրում տնային ուսուցում անցնող առաջին դպրոցական հրաձիգը։ Դրանից հետո հեռուստաալիքը ժամանակավորապես հեռացրել է նրան աշխատանքից։