«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո սպասվում է, որ կուսակցությունը կթողնեն նաեւ այլ դեմքեր, որոնք համարվում են այսպես ասած՝ աբրահամյանական թեւի ներկայացուցիչներ, ասել կուզի՝ քրեաօլիգարխիկ համակարգի դեմքեր:

Համենայնդեպս, Հովիկ Աբրահամյանը, ըստ էության անում է հենց այդ կոչը, քիչ առաջ հրապարակված իր ֆեյսբուքյան գրառման մեջ, որը վերաբերում է ՀՀԿ-ից դուրս գալուն: Հեռանալու պատճառներ Աբրահամյանը չի նշում, սակայն հայտարարում է, որ իր համար առաջնահերթ է եղել եւ կմնա թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը: Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, առաջարկում է ՀՀԿ-ականներին հետեւել իր օրինակին եւ միանալ իրեն՝ կազմելով այլ թիմ:

Միաժամանակ, թերեւս, ակնարկում է, որ Սերժ Սարգսյանը «դավաճանում» է թիմին եւ հերթը հասնելու է բոլորին: Սակայն, միաժամանակ հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանը չի ասում «թիմին», թե ուր գան, որտեղ գտնեն «պաշտպանություն ու արժանապատվություն»:

Ամենայն հավանականությամբ՝ Հովիկ Աբրահամյանն ինքն ունի այդ խնդիրը, քանի որ ակնհայտ է մի բան՝ նրան պահելու փորձ չի անում ՀՀԿ-ն, միաժամանակ, որեւէ ուժ կարծես թե չի անում նրան ընդունելու փորձ, առնվազն լիդերների մակարդակում:

Մի բան հստակ է, որ Հովիկ Աբրահամյանի հեռանալը, անկասկած, հանդիսանում է իշխանական համակարգում խորքային գործընթացների արտացոլում, որքան էլ տարածված է կարծիքը, թե համակարգը ընդամենը վերադասավորվում է առաջիկա ընտրություններին ընդառաջ եւ ըստ այդմ փորձում է հանրությանն ապակողմնորոշել իր ակտիվ շարժերով:

Կայացվել է որոշակիորեն ռազմավարական որոշում՝ բացել ներքին տարակարծությունները եւ թույլ տալ դրանց ազատ դրսեւորում, ինչի միջոցով իշխանության, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի համար առավել կառավարելի է դառնում թե՛ համակարգը, թե՛ դրա միջոցով նաեւ հանրային տրամադրությունների ալիքը: Հրապարակավ ներկայանալով իբրեւ «անհամաձայն», տվյալ թեւը կամ ուժը, ըստ էության, ստանում է «իզգոյի» կարգավիճակ: Իսկ հոգեբանությունն այնպիսին է, որ քչերն են ցանկանում գործ ունենալ «իզգոյների» հետ, հատկապես, երբ խոսքը ամբողջատիրական, ոչ սահմանադրական համակարգերի մասին է: Այդպիսով՝ հայտնվելով հրապարակային դաշտում, բոլոր կողմերից բաց վիճակում, այդ սեգմենտներն ու թեւերը ստիպված են ավելի շատ ապավինել ստվերային հնարավորություններին: Առաջանում է շոշափելի անհարմարություն, անհամամասնություն կարգավիճակի եւ հնարավորությունների միջեւ: Այդպիսով, իշխանությունը, որ ներկայումս աչքի է ընկնում բազմաթիվ բնական ճաքերով եւ ճեղքվածքներով, թե՛ ֆինանսական, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ այսպես ասած՝ վարչա-քաղաքական, դառնում է առավել իրավիճակին համարժեք առավել կենսունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում