ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային հայտնի սկանդալի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Անշուշտ մեր հասարակության մեջ քիչ կգտնվեին մարդիկ, ովքեր այլ ելք էին ակնկալում այս գործի արդյունքում: Արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանը, ըստ բացահայտված փաստաթղթերի, բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.) Նա նաեւ միլիոնավոր դոլարների հաշիվներ ունի շվեյցարական բանկերում: Նկատենք, որ այս ունեցվածքն ու գործարքները կուտակվել են եւ տեղի ունեցել Միհրան Պողոսյանի պետական պաշտոնյա եղած ժամանակ: Միջազգային այս սկանդալից հետո Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տվեց: Եվ հիմա մոտ 8 ամիս տեւած քրեական գործի քննությունը կարճվել է: Սույն որոշումը բացատրվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ պատկան մարմինները որոշեցին «հանցակազմի բացակայությունը» վերհանել հենց նախընտրական շրջանում: Միհրան Պողոսյանը պատրաստվում է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Լրատվամիջոցներն էլ գրում են, որ Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի ցուցակում կարող է լինել պայմանով՝ ՀՀԿ-ի համար իր միջոցներով հնարավորինս շատ ձայներ ապահովելով: Իսկ այդ պայմանը վերջինս կարող էր ապահովել միայն սեփական հեղինակությունը իրավական տեսանկյունից «մաքրազերծելու» միջոցով: Եթե Միհրան Պողոսյանը որոշեր առաջադրվել քրեական գործը ուժի մեջ լինելով, անշուշտ ստիպված կլիներ տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ: Իսկ ստեղծված իրավիճակում իշխանությունները հերթական անգամ աչք փակելով պաշտոնատար անձանց կողմից հակաօրինական արարքների վրա՝ կանաչ լույս է վառում Պանամայի հերոսի համար, տալով ընտրություններին մասնակցելու «դոբրոն»:
Այն որ Միհրան Պողոսյանի նման անձինք իշխանություններին այս ընտրությունների ժամանակ օդի և ջրի պես են անհրաժեշտ լինելու՝ դա ակնհայտ է: Հաշվի առնելով ներիշխանական խմորումները՝ իշխանությունների հույսը այս ընտրություններին հենց Միհրան Պողոսյանի նմաններն են լինելու, և նրանց ի շրջանս յուր բերելու համար իշխանությունները չեն զլանում նաև հակաօրինական քայլերի դիմել և միջամտել իրավական գործընթացներին:
Միհրան Պողոսյանը արդեն իսկ լծվել է նախընտրական գործընթացներին: Սակայն այժմ բավարարվում է միայն «միջնորդի» դերով: Կոտայքի մարզում նախընտրական գործընթացները հետաքրքիր «ծալքեր» են պարունակում: Ինչպես հայտնի է, այս ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու Միհրան Պողոսյանի քեռորդին՝ Վահան Հարությունյանը, ով «Միկմետալի» սեփականատեր Միշա Հարությունյանի որդին է: ՀՀԿ-ից այստեղ պատրաստվում էր իր թեկնածությունը դնել նաև Վարդան Այվազյանը: Սակայն, Միհրանը Վարդանին համոզել է չդնել իր թեկնածությունը՝ հօգուտ Վահանի: Փոխարենը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Իսկ ներկայի պետ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը: Ինչպես տեսնում ենք Պանամայի հերոսի նախընտրական արկածները նոր թափ են ստանում…
Աղբյուրը՝  MediaMall.am