«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրումները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին:

Ըստ այդ ծրագրի՝ Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, և այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կողմից կունենա բիզնես նպատակներ և կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը:

Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումները իրականացնել հրապարակայնորեն, և դրա նպատակը հնարավոր այլ ներդրողներին ներգրավելն է: Վարչապետը շատ է ոգևորված այս ծրագրով: Նկատենք, որ Գյումրիի բնակչությունը պաշտոնական վիճակագրությամբ ամենաաղքատն է այլ քաղաքների բնակչության համեմատ:

Այստեղ աղքատ է համարվում բնակչության մոտ կեսը: Թե որքանով է հաջողված այս ծրագիրը բիզնես տեսանկյունից և որքանով կազդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, կերևա ապագայում, երբ այն կիրականացվի: Եթե, իհարկե, իրականացվի»: