YN.am-ը գրում է.

Այս օրերին հայկական քաղաքական եթերում անվերջալի թվացող տրագիկոմեդիա է:
«Սկզբում Դալլաքյանն էր, և Դալլաքյանը «նախագահինն էր»... նա սկզբում «բարձրյալի» մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհանես 1.1-3)»: Հետո Օսկանյանն էր... նա էլ «բարձրյալի» մոտ էր, ապա հայտնվեց Օհանյանը. նա «բարձրյալի» մտերիմն էր:
Ինձ կարող եք մեղադրել չափն անցնելու մեջ, բայց տրագիկոմեդիայի ժանրում խաղի կանոններն ազատ են: Առավել ևս, եթե ՀՀ քաղաքացիներին այս ժանրը պարտադրել են հենց վերոնշյալները: Կանոնները ջնջված են, բոլորն անում են այն ինչ ուզում են: Օսկանյանը միանում է Դալլաքյանին, Օհանյանը՝ Օսկանյանին... խնջույքից հետ չի մնում նաև Ծառուկյանը, իսկ ֆիլմի գլխավոր դերում Հովիկ Աբրահամյանն է: Մարդ չգիտի լա թե խնդա: Ամենավատն այն է, որ հանրապետությունում չկա մի մարդ, ով կհավատա այս ֆարսին:

Նեղացած հանրապետականներ, թե՞...

Ասում են` Ծառուկյանն ուզում է միավորել բոլոր-բոլորին, առանց որակական սահմանափակման: Շատ կարևոր դեր ունեն այսպես կոչված «Հանրապետականից նեղացածները», որոնց մեջ, բացի վերոնշյալներից մտնում է նաև Մհեր Սեդրակյանն ու նրա որդին: Ի՞նչ իմանաս, հնարավոր է նրանց միանան նաև Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Ալեքսանյանը, իսկ ավելի ուշ նաև անձամբ Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Վազգեն Սարգսյանն ու ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը: Ի՞նչ իմանաս, խառը ժամանակներ են...

Ի՞նչ կտա մեզ «Ծառուկյան» դաշինքը

Ո՞վ է մինչև հիմա, մասնավորապես 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, հավատում նրան: Դե, բնականաբար իր հավատարիմ թիմակիցներից բացի... չէ՞... ինչ-ինչ, բայց Նաիրա Զոհրաբյանի վրա Ծառուկյանը միշտ էլ կարող է հույս դնել: Գագիկ Ծառուկյանը մեզ կարող է տալ օլիգարխների մի ամբողջ բանակ, ովքեր իրենց ֆինանսները չեն խնայի պետության զարգացման, քաղաքացու բարօրրության համար:
Նա հենց այդպես էլ ասել է. «Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել… Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է»։

Տրագիկոմեդիա թե՞ անխնա սարսափ

Այս ամենն ինձ մի ֆիլմ է հիշեցնում: Երբևէ ստեղծված ամենաայլասերված ֆիլմերից մեկը. Պաոլո Պազոլինիի «Սալո» ֆիլմը: Խաբեություն, սարսափ, բռնություն, այլասերում, սպանություն... 1975թ.-ին նկարահանված ֆիլմը մինչ այժմ արգելված է որոշ երկրներում:
Այն արգելված է ազատ դիտման համար, բայց մեր քաղաքացիներն ապրում են ֆիլմի կադրերն իրականում:

Վերջում. զուր չէր նմանեցումն Աստվածաշնչյան խոսքերին, քանի որ այս վիճակից մեզ կարող է միայն ՆԱ հանել:

Ազատ Բարձրախոս