Որոշել եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշել է, որ ցանկանում է մասնակցել կառավարման համակարգի ձեւավորմանը, որը նոր մշակույթ պետք է բերի եւ նաեւ փորձարկվի, որովհետեւ Սահմանադրության փոփոխությունից հետո ստեղծված համակարգը նորություն է հայ իրականության մեջ:

«Գնում ենք հանուն երկրի զարգացման, որպեսզի նաեւ անվտանգության հարցերը բարձր հիմքերի վրա դրված լինեն: Մենք տեսնում ենք, որ բանակը կայացած կառույց է, նոր ղեկավարության շնորհիվ առաջ է ընթանում, բայց թիկունքը բանակի պետք է ամուր լինի, իսկ դրա համար պետք է զարգացումներ լինեն նաեւ տարբեր ոլորտներում»:

Հարցին, թե գործող իշխանությունների օրոք դա հնարավոր չէ՞ր անել, նախկին նախարարը պատասխանեց. «Այսօր կառավարման համակարգում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է միասնաբար լուծվեն: Պետք է հնարավորություն ընձեռնվի, որ մարդիկ ազատ մասնակցեն ընտրություններին եւ ընտրեն այն համակարգը, որը երկիրը կտանի առաջընթացի»: