Որեւէ մեկը դե՞մ է, որ գործող համակարգը, որ պետք է զբաղվի իրավական խնդիրներով, ուսումնասիրի մարտի 1-ը, եւ մինչեւ վերջ բացահայտի, թե ովքեր ինչ դերակատարություն են այնտեղ ունեցել եւ մեղքի ինչ չափ ունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ ինքը եւս 2008 թվականի մարտի 1-ին դերակատարություն է ունեցել, ինչը հանգեցրել է 10 զոհերի:

«Այո, ես եղել եմ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ ՀՀ նախագահի հրամանագիրը արտակարգ դրության վերաբերյալ: Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել, մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարեւոր օբյեկտների, որոնք ապահովում են մեր կենսուանկությունը, պաշտպանությանը: Ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ, ես պատասխան եմ տալիս»,-ասաց նա:

Հարցին, թե մարտի 1-ի դեպքերի համար այն ժամանակվա իշխանությունները մեղքի բաժին ունեի՞ն, Սեյրան Օհանյանը խուսափողական պատասխան տվեց. «Թող իրավապահ մարմինները պատասխանեն»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իշխանությունները ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ է մահացել՝ 8 ցուցարար եւ երկու ոստիկանության աշխատակից: Երեւան են բերվել բանակի ստորաբաժանումները: Արտակարգ դրություն մտցվել է մարտի 1-ի երեկոյան: