ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը (Սեդրակ Սարոյան) խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դեպքում կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Այդ մասին Սարոյանը նշեց «Եռաբլուր» պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում: Հարցին՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, պատգամավորն ասաց, որ դեռևս չգիտի: «Մի քանի օրից պարզ կդառնա: Եթե մասնակցեմ ընտրություններին, ապա միայն ռեյտինգային ընտրակարգով»:

Հարցին' դուք Ձեզ տեսնո՞ւմ եք հաջորդ խորհրդարանում, նա նշեց. «Իսկ դուք ինձ տեսնո՞ւմ եք, որ դուք տեսնում եք՝ իմ դեմ խաղ կա՞»:

Միաժամանակ, նա հրաժարվեց պատասխանել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը վերաբերող հարցերին՝ ընդգծելով միայն, որ Օհանյանին չի տեսնում ընդդիմադիր ճամբարում:

«Այսօր մեր բանակի ծննդյան օրն է, ամեն մի ծնունդ ուրախություն է, և այսօր մեր բանակն արդեն ուժեղ է: Կյանքում միշտ էլ խնդիրներ կան, բայց անլուծելի խնդիրներ չկան: Հայկական բանակը պատրաստ է յուրաքանչյուր գործողության, ամեն տարի մեր բանակն ավելի է ուժեղանում»,- անդրադառնալով Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին՝ նշեց Սարոյանը: