Արմավիրի բժշկական կենտրոնից հունվարի 28-ին Երեւան տեղափոխված եւ մեկ օր անց մահացած նորածնի հարազատները չեն հավատում, որ երեխան ծնվել է սրտի արատով եւ թոքաբորբ է ունեցել, ինչպես որ ծնունդն ընդունած բժիշկն է պնդում:

NEWS.am-ի հետ զրույցում մահացած նորածնի պապիկը` Ռուստամ Իսայանը պատմեց, որ հարսը հղիության ընթացքում բոլոր հետազոտությունները ժամանակին անցել է եւ որեւէ խնդիր չի ունեցել:

«Հունվարի 26-ին տարել ենք հիվանդանոց հարսիս, բժիշկը` Նշան Գեւորգյանը, սկզբում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իր ուժերով կունենա երեխային, ավելի ուշ էլ ասաց, թե ծանր ծննդաբերություն է սպասվում ու առանց մեր կարծիքը հայտնելու` վակուումով արեցին ծննդօգնությունը: Դրանից հեւտո մեզ հայտնեցին, թե երեխան մի քիչ պտղաջուր է կուլ տվել, բայց ամեն ինչ նորմալ է, գնացեք տուն»,- պատմեց նա:

Ռուստամ Իսայանի խոսքով` հունվարի 27-ին արդեն իրենից արհեստական կեր են պահանջել եւ երեխային կերակրել: Գիշերն արդեն երեխայի վիճակը վատացել է, սակայն այդ մասին հարազատներին ոչինչ չեն հայտնել, միայն հունվարի 28-ին առավոտյան, երբ հարազատները կրկին հիվանդանոց են գնացել` ծննդկանին եւ երեխային տեսնելու, իմացել են այդ մասին. «Մեզ ասացին, որ Երեւանից կանչ են գրանցել ու փոքրիկին տեղափոխում են հիվանդանոց, մենք էլ նրանց հետեւից Երեւան են եկել: Այստեղ արդեն բժիշկները մեզ հայտնեցին, որ առանց պտղաջուրն ամբողջությամբ օրգանիզմից հանելու` երեխային կաթ են տվել, դրանից էլ վիճակը վատացել է: Մեզ ուղարկեցին արյուն բերելու, որից հետո հորդորեցին տուն գնալ»:

Հունվարի 29-ին առավոտյան Իսայաններն իմացել են, որ փոքրիկը մահացել է: Թե որն է եղել մահվան պատճառը, հարազատներն այդպես էլ չեն հասկացել, ավելին չեն հավատում ծնունդն ընդունած Նշան Գեւորգյանի տված աշխտորոշմանը, թե երեխան ծնվել է սրտի արատով եւ թոքաբորբ է ունեցել:

«Ամբողջ հղիության ընթացքում հարսս ոչ մի խնդիր չի ունեցել, երեխան էլ ծնվելուց հետո թեթեւ տնքում էր, բայց մեզ բժիշկներն ասացին, թե նորմալ է, պտղաջուր կուլ տված երեխաների մոտ լինում է: Մենք համոզված ենք, որ բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է երեխան մահացել»,- ասաց Ռուստամ Իսայանը:

Նշենք, որ սա երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր: Թեեւ Իսայաններն այս ամենում բժշկի մեղավորություն են տեսնում, չեն պատրաստվում բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին: