YN.am-ը գրում է.

Հիասթափություն...

Բացասական զգացում` պայմանավորված չկատարված սպասումներով, հույսերով կամ երազանքներով:

Որոշեցի մի փոքր զբաղվել հրապարակախոսությամբ... ինչո՞ւ
Որպես լրագրող, երբեք չէի մտածում, որ կլինի դրա կարիքը, սակայն հայաստանյան իրականության մեջ անխուսափելի է: Լրագրողական հոդվածի միջոցով չես կարող արտահայտել դժգոհությունդ, հիասթափությունդ... Հրապարակախոսությունը գիտություն է հասարակության և պետության մասին: Բացի այդ, երբ իրավական ճանապարհով գրեթե անհնար է ապացուցել ճշմարտացիությունդ, երբ հասկանում ես, որ քեզ կհաղթեն, բայց խնդիրն իսկապես կարևոր է, «հրապարակախոսելը» դառնում է լավագույն ճանապարհը:

Որքան մեծ էր հիասթափությունս, երբ հասկացա, որ մեկ տարի է անիմաստ գումար եմ վատնում և դեռ մեկ տարի էլ պետք է վատնեմ: Խոսքը գնում է «Վիվա-Սելլ»-ի 1 դրամ արժողությամբ հեռախոսների մասին: Դեռ մեկ տարի էլ չի անցել, ինչ գնել եմ հեռախոս 1 դրամով: Խորհուրդ կտամ բոլորին հեռու մնալ, երբեք չօգտվել այս ծառայությունից: Բավական չէ, որ 1 դրամով գնածս հեռախոսի համար մեկ տարի է յուրաքանչյուր ամիս վճարում եմ 10 000 դրամ ու դեռ 1 տարի էլ պետք է վճարեմ, մեկ էլ տեսնում եմ նույն հեռախոսը ցուցադրված այլ խանութում ընդամենը 67 000 դրամով: 240 հազար դրամ ես պետք է վճարեմ հեռախոսի համար, որն արդեն գրեթե 4 անգամ ավելի էժան գին ունի:

Ինչո՞ւ կնքեցի այդ պայմանագիրը

Խաբուսիկ առաջարկ, հնարամիտ մարքեթինգային քայլ, չմտածված արարք... պատճառները բազմաթիվ են, բայց փաստն այն է, որ մարդիկ դեռ խաբնվում են այս հնարքին:

Ավելին, ի սկզբանե ես առավել մատչելի տարբերակ էի ընտրել, բայց «Վիվա Սելլի» աշխատակիցներն ինձ ավելի «լավ տարբերակ» առաջարկեցին, որի համար ես այժմ ստիպված եմ վճարել 4 անգամ ավելի շատ, քան իրականում այն արժե:

Տեխնիկական անհաջողություն

Իսկ ի՞նչ կլինի, եթե հեռախոսը փչանա... իմ դեպքում պատկերացնելու կարիք չկա. հենց դա էլ պատահեց: Հեռախոսի էկրանը կոտրվեց, երբ ընդամենը մի քանի օր էի օգտագործել: Գնելիս ինձ ոչ ոք չնախազգուշացրեց, որ այդ տեսակի հեռախոսի վերանորոգումը Հայաստանում կարժենա հեռախոսի կես գինը: Այն էլ դրանք սպասարկվում են մեկ ընկերության կողմից, դա էլ բավական չէ, անհրաժեշտ է սպասել մեկ ամիս մինչ էկրանը կհասնի Հայաստան: Ինձ միայն ներկայացնում էին հեռախոսի առավելությունները:

Խոստովանում եմ... ինձ կարողացել են մոլորեցնել: Այո՛, լրագրողներն էլ երբեմն «կուտ ուտում»: Գոնե հիմա վստահ կարող եմ ասել՝ «Վիվա Սելլ», գնա՛ գրողի ծոցը:

Ազատ Բարձրախոս