YN.am-ը գրում է.

Քրեաօլիգարխիկ էլեմենտների «սխոդկաների» վայր դարձած ՀՀԿ-ի շարքերում քաոս է տիրում, որի մասին, սակայն, պարոնայք կուսակցականները հպարտորեն լռում են, թե բա, «մեր դեմ խաղ չկա»: Ու այդ բոցաշունչ կարգախոսի ֆոնին, հանկարծ ի հայտ է գալիս «շեֆից» անհասկանալի պատճառներով նեղացած նախկին պաշտոնյաների ու կուսակցականների մի ստվար զանգված՝ գյուղապետերից մինչև քոչարյանա-սարգսյանական էպոխաների իշխանական էլիտայում տարիներ շարունակ կուռ հաստատված նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան ու Արցախի հերոս, ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյան...

Ի վերջո, ինչո՞ւ, սեփական բնորոշմամբ, պետականաշինության ակունքում կանգնած ու ազգի բարօրությանը անձնվիրաբար ծառայած ռահվիրաները որոշեցին հանկարծ լքել հարազատ իշխանական արքունիքը ու հանդես գալ դեռևս անըմբռնելի քողի տակ: Պատճառները թերևս կարող են տարբեր լինել. կործանված տնտեսության ու պետական թալանում, օդում կախված, չպատժված հանցագործություններում մեղքի բաժնի գիտակցում, քաղաքական հայացքներում հակասություններ, անձնական ամբիցիաներ: Միգուցե, ժամանակը ցույց կտա:

Մինչդեռ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, վերջերս կայացած նիստի ժամանակ, բավական պատկերավոր դատավճիռ կայացրեց՝ արդեն նախկին յուրայինների քաղաքական ամբիցիաների առնչությամբ. «Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում: Սա է բնության օրենքը»: