2016թ.-ի ՀՀ պետական բյուջեով ՀՀ արտաքին հարաբերությունների համար ծախսվել է 14,2 միլիարդ դրամ:

Այս գումարի զգալի մասը (9,5 միլիարդը) ծախսվել է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման նպատակով։ Այս գումարի մեջ ներառված է 42 միլիոն դրամ գործուղումների և շրջագայությունների ծախսերը։ Այս նպատակով կնքված պայմանագրերից 6-ը գերազանցել են 1 մլն դրամը։ Մասնավորապես՝ «Ավիատուր Գրուպ» ՍՊԸ-ի և ԱԳՆ-ի միջև 26.05.2016թ. կնքած պայմանագրով՝ 3,558,800 դրամով ձեռք է բերվել Երևան-Վիեննա-Ֆրանկֆուրտ-Մեխիկո էկոնոմ կարգի 3 տոմս։

ՀՀ ԱԳՆ աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն իր համար նախատեսված 176,9 միլիոն դրամից ծախսել է 141,2-ը, որից 83,9 միլիոնը ծախսվել է աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների, 7,6 միլիոնը՝ քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրումների, շուրջ 9 միլիոնը՝ կապի ծառայությունների վրա։ 60 միլիոն դրամ ծախսվել է գործակալության գործուղումների, իսկ 6,5 միլիոն՝ ներկայացուցչական ծախսերի վրա։

Համաձայն գործակալության՝ վերջերս հրապարակված 2017 թվականի գնումների պլանի՝ «Պետական արարողակարգային ծառայություն» գործակալությունը պատրաստվում է 15 մլն դրամի գնումներ կատարել։ Այս գումարից մոտ 3,4 միլիոնը նախատեսվում է ծախսել ապրանքների, իսկ մոտ 11,6 միլիոնը՝ ծառայությունների համար։

Այս թվերն այսօր հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:

Ներկայացվող թվերի և վիճակագրության վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com_ը զրուցեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում խոսելով ՀՀ ԱԳՆ-ի կողմից իրականացրած ծախսերի և պետբյուջեից հատկացված գումարների մասին, նշեց. «ԱԳՆ-ին հատկացվող պետական միջոցների հարցում պետք է կարևորել ոչ թե գումարն, այլ ծախսվող միջոցների նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ծախսվող գումարն ինչ արդյունք է տվել: Սովորաբար, նախարար Նալբանդյանն իր զեկույցներում նշում է՝ այսքան պատվիրակություն եկավ կամ գնաց և այլն, բայց պետք է զեկուցել, թե այդ պատվիրակությունն ի՞նչ արդյունք է ապահովել երկրի զարգացման համար: Պետք է մանրամասն ներկայացնել, թե ծախսված գումարն ի՞նչ արդյունք է տվել երկրին: Օրինակ X այցելության ժամանակ որքանո՞վ է անհրաժեշտ ունենալ այդքան շատ պատվիրակներ, գուցե բավարար էին մեկը կամ երկո՞ւսը: Ցանկացած ֆինանսի ծախս՝ չպետք է լինի ինքնանպատակ: Օրիակ՝ Էդուարդ Նալբանդյանը շատ է սիրում մեկնել հեռավոր էկզոտիկ երկրներ, հարց է առաջանում՝ դրա նպատակը ո՞րն է, չէ՞ որ ամեն մի ծախսած գումարը պետք է ներդրում լինի, և հարց է առաջանում՝ մեկնած պատվիրակությունն ի՞նչ արդյունքով է վերադառնում»:

Դիտարկմանը, որ, օրինակ, 2017 թվականին միջքաղաքային և բջջային հեռախոսների ծառայությունների համար ԱԳՆ-ն պլանավորում է ծախսել մոտ 4 միլիոն դրամ, Արա Պապյանն ասաց. «Ընդհանրապես, հեռախոսների ծառայությունները կարելի է առանց գումարի իրականացնել, քանի որ ժամանակակից տեխնիկական հնարավորությունները դա թույլ են տալիս»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԱԳՆ-ում պետական հեռախոս ունեն միայն նախարարն ու փոխնախարարը:

Արա Պապյանի համոզմամբ՝ այս ամենով հանդերձ, եթե ԱԳՆ-ին տրվող ֆինանսավորումը համեմատենք նախագահականին տրվող հատկացումների հետ, ապա կտեսնենք զգալի տարբերություն. նախագահականին ավելի շատ միջոցներ են հատկացվում, ինչը ճիշտ չէ:

Խոսելով ԱԳՆ-ի կողմից տարվող աշխատանքների թափանցիկության մասին՝ դիվանագետը հավելեց. «Թափանցիկության առումով՝ ավելի թափանցիկ պետք է լինի որոշ հարցերում, բնականաբար, կան հարցեր, որոնց դեպքում առավել թափանցիկ չի կարելի լինել: Բայց, ընդհանուր առմամբ, բացասական եմ գնահատում, եկեք հիշենք՝ ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում ԱԳՆ-ում բրիֆինգները. տարվա մեջ՝ մեկ կամ երկու անգամ, ինչն անթույլատրելի է: Իրականում, պետք է գոնե 10 օրը մեկ կազմակերպել բրիֆինգներ, և ԱԳՆ-ի խոսնակը պետք է պատասխանի լրագրողների հարցերին»: