Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, գնաց եվրոպական մոդելով, և հիմա մեզ` հայերիս, մնում է միայն նայել ու նախանձել իր հարևանին: Սա «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Արթուր Ղազինյանի մեկնաբանությունն է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում փետրվարի 2-ին քվեարկության դրվելիք՝ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցի հետ կապված:

«Այն փոփոխությունները, այն կառուցվածքային վերափոխումները, որ ընթանում են Վրաստանի տնտեսության, քաղաքական, սոցիալական ու տնտեսական համակարգերում... Տեսեք` ոնց են ապրում մարդիկ Վրաստանում, ոնց` Հայաստանում»,- ասաց Արթուր Ղազինյանը` ավելացնելով, որ պատճառը միայն ու միայն եվրոպական մոդելն է:

«Իրենք ստեղծել են եվրոպական մոդելի պետություն, որտեղ ընտրություններով փոխվում է իշխանությունը, որտեղ գործում է կայուն քաղաքական համակարգ, կուսակցություններն ունեն իրենց հստակ քաղաքական գաղափարախոսությունը, տարանջատված են մեկը մյուսից: Այսինքն` Վրաստանում ստեղծված ողջ համակարգն իր փոքր տեսակով ներկայացնում է Եվրոպական Միության անդամ երկրի մոդելը»,- ասաց նա:

Իսկ Հայաստանը, ըստ նրա, առաջնորդվելով նեոսովետական ուղով, մինչև հիմա մնացել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղըզստան մոդելի մեջ:

Հարցին, թե հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԵՄ-ում նոր վերադասավորումներ են, միտումներ ու տրամադրություններ, Վրաստանի վիզաների համար կչեղարկվե՞ ն ԵՄ երկրներ մուտքի վիզանները, Արթուր Ղազինյանը պատասխանեց.

«ԵՄ-ի հետ Վրաստանի վիզայի չեղարկման հարցը նախկինում որոշված ու հստակեցված էր, և հիմա ընդամենը մնում է իրականացնել տեխնիկական ընթացակարգերը: Վավերացում և ապա նաև` Եվրախորհրդարանի կողմից հաստատում: Դա ֆորմալ ընթացակարգ է, ինչն արվում է այս պահին»։

Արթուր Ղազինյանը նաև նկատեց, որ Վրաստանն ընտրել է այդ ճանապարհը՝ շատ լավ իմանալով, թե իրեն ինչ է սպասվում, ինչն էլ ստանում է հիմա:

Նույնը, ըստ ՀԿ-ի ներկայացուցչի, կստանան նաև Ուկրաինան ու Մոլդովան, եթե, իհարկե, ինչ-որ բան չփոխվի, իրենց հետ չկանգնեն իրենց նախանշած ճանապարհից` բարեփոխումներից, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերով նախատեսված բոլոր պարտավորություններից ու հանձնառություններից:

Աղբյուրը՝ Tert.am