Հայաստանում բնակչության համար այսօրվանից՝ փետրվարի 1-ից, էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1,22 դրամով: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի նիստում:

Ըստ այդմ, տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նախկին սակագին՝ 46,2 դրամ, նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերային՝ 30։

Այսինքն, ամսական միջինը 200 կվտ էլէներգիա օգտագործող սպառողները կվճարեն 244 դրամ քիչ:

ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ սակագնի նվազումը հնարավոր է դարձել էներգետիկ հաշվեկշռում ավելի թանկ ջերմային էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի կրճատման շնորհիվ։ Համապատասխանաբար էներգետիկ համակարգի ընկերությունների անհրաժեշտ հասույթը նվազել է 8.8 մլրդ դրամով։

Սակագները նվազել էին նաեւ 2016-ի օգոստոսի 1–ից, ըստ որի ցերեկային սակագինը բնակչության համար 48.78–ից նվազել էր մինչեւ 46.2 դրամ։ Համապատասխանաբար նվազել է նաեւ սակագների մնացած ցանցը։