Առաջիկա ընտրություններ, քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներ, համակարգային խնդիրներ: Այս և այլ խնդրահարույց թեմաների շուրջ Yelaket.am-ը զրուցեց հեռուստատեսության ու հանրային կապերի ոլորտի փորձառու մասնագետ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

Իբրև սկիզբ, զրուցակցից հետաքրքրեցինք Հայաստանում ինտելեկտուալ քաղաքական գործիչների «հեղափոխության» հնարավորության մասին.

«Իհարկե հնարավոր է: Որովհետև 90-ականների սկիզբին Հայաստանի քաղաքական դաշտը ավելի քան ինտելեկտուալ էր: Ո՞վ է ասել, որ հնարավոր չէ»:

Իսկ այն հարցին, թե ինչն է խոչընդոտում այդ «հեղափոխության» կյանքի կոչմանը, պարոն Քոչարյանը ընդգծեց. «Առաջին հերթին, պետք է դեմն առնել համատարած բնույթ կրող դեգրադացիայի. դա միայն քաղաքական դաշտին չի վերաբերում: Չէ՞ որ, առանձին վերցված, ոլորտը բարեփոխելով՝ բոլոր վերքերը չես բուժի», - ասաց նա, ավելացնելով, որ չի կարող ամեն ինչ վատ լինել, իսկ կրթական ոլորտում՝ լավ:

Քաղտեխնոլոգի խոսքով, այդ դեգրադացիան սողոսկել է անգամ ԶԼՄ-եր, հեռուստատեսություն, մի խոսքով՝ ամեն տեղ: Այսպիսով խնդրի լուծման միակ տարբերակը՝ ախտերը հիմնովին բուժման ենթարկելն է, որի համար ժամանակ է պետք:

Իսկ որպես բուժման օրինակ, Կարեն Քոչարյանը օրինակ բերեց Խորհրդային Միության հիմնադրման ժամանակաշրջանը, երբ Վ. Լենինը այսպես կոչված, լիկբեզ արեց, ինչը պետք է անել Հայաստանում. «Իմիջայլոց, վարչապետ Կարեն Կարապետյանը զբաղված է հենց այդ գործով՝ լիկբեզի է ենթարկում ազգը, հասարակությունը, քաղաքական դաշտը», - նշեց քաղտեխնոլոգը:

Հարցին, թե պառլամենտական Հայաստանի պառլամենտական էլիտան շոշափելի փոփոխությունների կենթարկվի, պրն. Քոչարյանը կես-կատակ, կես-լուրջ պատասխանեց, որ վերջինս սուրճի բաժակ նայող չի. «Ընդամենը 10 օրից՝ ամենաուշը փետրվարի 16-ին, բոլոր կուսակցությունները հանրության դատին կհանձնեն իրենց՝ վերջնական տեսքի բերված ցուցակները, ըստ այդմ պարզ կդառնա, թե ինչպիսի պառլամենտական էլիտա կունենա Հայաստանը», - ասաց Կարեն Քոչարյանը:

Այն հարցին՝ պատկերացում ունի արդյոք Հայաստանի Հանրապետության պոտենցիալ էլեկտորատը, թե ինչ է սպասվում իրեն գալիք ընտրություններին, Կ. Քոչարանը պատասխանեց.«Հանրությունը ընդհանրապես տեղեկացված չէ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին: Քաղաքական օրակարգը թելադրողները՝ ներկայիս և ապագա օրենսդիրները պատկերացում չունեն մեծ հաշվով, թե ինչպես է կիրառվելու նոր ընտրակարգը: Ով ինչպես կարողանում է մեկնաբանում է օրենսդրական տեքստը», - ընդգծեց նա:

Նույնը, ըստ զրուցակցի, վերաբերում է բարեփոխված քվեաթերթիկներին. մարդիկ սովոր են մի ընտրաթերթիկ ձևաչափին: Իսկ, թե ինչպես պետք է բացատրել նոր ընտրակարգը մեր հայրենակիցներին՝ մի քանի քվեաթերթիկներով, դա մեծ հարց է:
Իսկ ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում՝ իշխող կուսակցության պոտենցիալ հակառակորդին, ապա, քաղաքական առումով, Կարեն Քոչարյանը գտնում է, որ դա կլինի «Ելք» դաշինքը, մինչդեռ քանակային՝ Ծառուկյան դաշինքը:

«Մյուս բոլոր բլոկերն ու դաշինքները, ըստ էության, կպայքարեն անցողիկ շեմը հաղթահարելու համար», - եզրափակեց քաղտեխնոլոգը:

Խոսելով առաջիկա ընտրությունների հիմնական մասնակիցների ծրագրային-գաղափարական հայեցակարգի շուրջ՝ Կ. Քոչարյանը նկատեց, որ ահավասիկ հասարակության մի ստվար զանգվածին արդեն վաղուց չի էլ հետաքրքրում, թե քաղաքական դաշտում ինչ գաղափարա-բարոյական վիճակ է տիրում: Ոմանք գնում են ընտրությունների՝ գումար ստանալու ակնկալիքով: Հենց դրանում է կայանում հասարակության հիմնական խնդիրը: