Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մանիսայից ընտրված պատգամավոր Օզգյուր Օզելը խիստ քննադատության է ենթարկել օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի թոռ Նիլհան Օսմանօղլուին, ով իր աջակցությունն էր հայտնել երկրում կառավարական համակարգի անցմանը:

«Տիկինը հարուստ, ճոխ պայմաններում նստել, խոսում է: Սրան տեսեք: Տիկին Նիլհանն էլ լավ գիտի, որ իր պապը Մեջլիսի թշնամին էր: Քո պապը պատմության մեջ ամենաշատ հող կորցրած սուլթանն է: Կիպրոսը տվեց անգլիացիներին՝ առանց պատերազմելու: Էգեյան ծովի բոլոր կղզիները կորցնողն էլ նրա պապն է: Հիմա դու Աթաթուրքի դեմ ես լեզու երկարացնում, այն դեպքում իմացիր, որ եթե Աթաթուրքը չլիներ՝ դու էլի կապրեիր, իհարկե: Բայց կապրեիր հսկա պալատի այն սենյակում, որտեղ հայրդ կապ պապդ հարմար կգտներ ու ով գիտի՝ որ փաշայի որերորդ կինը կլինեիր»:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում: