Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից հեռացածներին։

«Յուրաքանչյուր կուսակցական ինքն է որոշում՝ ում հետ շարունակել իր քաղաքական ճանապարհը: Ես համոզված եմ, որ հատկապես խորհրդարանական կառավարման պայմաններում, և նոր Սահմանադրության պայմաններում իրողությունները թելադրում են որոշակի պահանջմունքներ և պահանջմունքները թելադրում իրողություններ: Այս երկուսի դեպքում ձևավորվում է նոր իրականություն, որի հետ պարտավոր ենք հաշվի նստել: Արտահոսք կորակեք, թե ոչ, ես այդպես չեմ որակի: Հիմա ինչու, ինչպես, ով որոշեց, ես դա բացարձակապես մարդկային առումով էլ ճիշտ չեմ համարում: Քաղաքական տեսանկյունից կգնահատեք ինքներդ՝ ինչպես կլինի, լավ կլինի, վատ կլինի, հետևություններ կամ վերլուծություններ անելը ձեզ համար է»,-ասաց նա։

Հարցին, թե իշխանությունը ճաքեր կտա՞, թե՞ ոչ՝ արդարադատության նախարարն այսպես պատասխանեց. «Առաջիկայում կտեսնեք, ինչպես դուք եք ասում՝ ճաքեր կտա՞, թե ոչ, ձևավորումը կավարտվի, թե ոչ, ես վերջում գնահատականներ կհնչեցնեմ»:

«Ես ՀՀԿ անդամ եմ և որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ շարունակում եմ իմ գործունեությունը։ Ցանկացած որակում, ցանկացած գնահատական այստեղ կամ այնտեղ դիտելը ձեր գործն է»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ ՀՀԿ-ն լքելու մտադրություն չունի: